Մաքսային միությանն անդամակցելու շրջանակում ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը լուծելու համար հայկական կողմին ներկայացվել է Կալինինգրադի համար կիրառվող գործիքակազմ: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր վերջին ասուլիսի ժամանակ ու քիչ անց հերքել իր ասածը՝ շեշտելով, թե Կալինինգրադի գործիքակազմը ոչ թե իրենց առաջարկվել է ռուսական կողմից, այլ ընդամենը քննարկվում է:
«Մեզ ներկայացվեց այն նոր գործիքակազմը, որը կիրառվում էր, մասնավորապես, Կալինինգրադի համար, թե այդ ապրանքները տրանզիտով ինչ եղանակով են հատում հարևան պետության սահմանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը չունենա որևիցե խնդիր մաքսային ծառայությունների հետ, և հեշտացված ընթացակարգ լինի»,- ասուլիսի սկզբում հայտարարել էր վարչապետը՝ ավելի ուշ հակասելով ինքն իրեն. «Ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ Դուք օգտագործեցիք, որ մեզ առաջարկվել է Կալինինգրադի գործիքը. ես այդպիսի բան չասացի, ես ասացի, որ մենք ուսումնասիրել ենք Կալինինգրադի փորձը, դա այլ բան է, որովհետև Հայաստանի համար առաջարկվող մեխանիզմը դեռևս քննարկվում է, և մենք կարծում ենք, որ կլինի այնպիսի մեխանիզմ, որը հաշվի կառնի Կալինինգրադի փորձը, բայց կլինի մեզ համար ավելի բարենպաստ»:
Թե ինչ մեխանիզմ պետք է լինի, որ «հաշվի կառնի Կալինինգրադի փորձը, բայց կլինի մեզ համար ավելի բարենպաստ», երևի ինքը՝ վարչապետն էլ չգիտի: Կալինինգրադը համարվում է «հատուկ տնտեսական գոտի», որտեղ գործում է հարկման արտոնյալ ռեժիմ՝ Ռուսաստանի այլ տարածքների համեմատ: Այն, ըստ էության, ազատ տնտեսական գոտի է, որտեղ ներմուծվող ապրանքներն ազատված են մաքսատուրքերից ու մաքսային վճարներից՝ համաձայն «Կալինինգրադի երկրամասում հատուկ տնտեսական գոտու և ՌԴ որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՌԴ օրենքի (Федеральный закон «Об особой экономической зоне в Калининградской области и о внесении изменений в некоторый законодательные акты Российской Федерации»): Կալինինգրադից Ռուսաստանի այլ մասեր տարվող ապրանքները ևս ազատված են մաքսատուրքերից՝ որոշ բացառություններով, թեև այդ ռեժիմը առաջիկայում կարող է փոխվել: Կալինինգրադում վերամշակված ապրանքները Ռուսաստանի այլ մասեր տարվելու դեպքում ազատված են ոչ միայն մաքսատուրքերից, այլև հարկերից ու դրանց նկատմամբ կարգավորման միջոցներ չեն կիրառվում:
Նման ռեժիմին մոտ որևէ բան չի կարող կիրառվել Հայաստանի դեպքում, քանի որ Ռուսաստանը չի համաձայնի թույլ տալ այլ երկրներից ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսատուրքերի, ի տարբերություն Կալինինգրադի: Մաքսային միության իմաստը (երրորդ երկրների նկատմամբ միասնական մաքսային դրույքաչափեր) այդ դեպքում ամբողջությամբ կկորի: Լավագույն դեպքում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը մեզ թույլ կտան բարձրացնել որոշակի անցումային ժամանակահատվածից հետո: Մի խոսքով՝ պարզ է, որ մաքսատուրքերի արտոնությունների Կալինինգրադի փորձը Հայաստանի դեպքում պարզապես չի կարող կիրառվել, ուր մնաց խոսք գնար վարչապետի ասած «ավելի բարենպաստ» պայմանների մասին:
Բայց վարչապետն ինչ-որ իմաստով իրավացի է, քանի որ Կալինինգրադի փորձը Ռուսաստանը իսկապես կարող է օգտագործել մեկ այլ ձևով: Կալինինգրադում տնտեսական տարբեր գործիքներ կիրառելով՝ Ռուսաստանը այն սովորաբար օգտագործում է Լիտվայի դեմ՝ քաղաքական հարցեր լուծելիս: Օրինակ՝ վերջին դեպքը 2013թ. աշնանն էր, որն սկսվեց Կալինինգրադ մտնող լիտվական մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների նկատմամբ ուժեղացված ստուգում իրականացնելուց: Իհարկե, դա ուղղված էր Լիտվայի ու լիտվացիների դեմ, սակայն դրանից տուժում էին նաև Կալինինգրադում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները և բեռնափոխադրողները: Նրանք կարող էին դուրս գալ Կալինինգրադից Լիտվա, սակայն հետ վերադառնալիս օրերով կանգնում էին սահմանին: Արդյունքում Կալինինգրադի՝ միայն փոխադրող ընկերությունները մեկ ամսում մոտ 150 մլն ռուբլու (ավելի քան 5 մլն դոլարի) վնաս կրեցին: Այդ շրջանում Ռուսաստանն արգելեց նաև լիտվական կաթնամթերքի ներմուծումը, ինչը լուրջ դժգոհության ու բողոքի միջոցառումների պատճառ դարձավ Կալինինգրադում: Facebook-ում Կալինինգրադի ռուսները իրենց նկարները լիտվական կաթնամթերքի նկարներով էին փոխարինել և հանրահավաքներ անելու հայտեր ներկայացրել քաղաքային իշխանություններին: Ի վերջո, Կալինինգրադի նահանգապետը մեկնեց Մոսկվա և հասավ նրան, որ Պուտինը հանեց Կալինինգրադի սահմանին ուժեղացված մաքսային հսկողությունը:
Սերժ և Տիգրան Սարգսյանները Հայաստանը այսպիսի Կալինինգրադի վերածելու ծրագիր են իրականացնում: Առաջիկայում Վրաստանը պատրաստվում է ստորագրել Վիլնյուսում նախաստորագրած Ասոցացման համաձայնագիրը, ինչը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Տեղեկություններ կան, որ Հարավային Օսեթիայում տեղակայված բազաները ռուսները աստիճանաբար առաջ են շարժել (Վրաստանը այդ հատվածում զորքեր չի տեղակայել՝ համարելով, որ Օսեթիան իր տարածքի մասն է, և իրենք չեն կարող իրենց տարածքի մեջ սահմաններ գծել): Ակնհայտ է, որ առաջիկայում Պուտինը ճնշման այլ միջոցների էլ կդիմի, և այդ առումով ինքնակամ հանձնված Հայաստանին չօգտագործելը (Մաքսային միության «մոտիվներով») պարզապես հիմարության դրսևորում կդիտվի:






































