Քաղաքացիներ Հ.Մ.-ի և Ա.Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայքէջը, ըստ քաղաքացիներ Հ.Մ.-ի և Ա.Պ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Հ.Մ.-ն 2013թ. դեկտեմբերի 22-ի` ժամը 16:30-ի սահմաններում, տեղեկանալով հորեղբոր որդու՝ Էջմիածին քաղաքից Գեղակերտ գյուղ տանող ճանապարհին վթարի ենթարկվելու հանգամանքի մասին, իր ընկերների հետ մեկնել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր, որտեղ նրանք վիճաբանության մեջ են մտել պատահարի մասնակից Գ.Ս.-ի և նրա հարազատներ Ա. և Ա.Պողոսյաններ եղբայրների հետ:
Վիճաբանության ընթացքում ծագած կռվի ժամանակ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել, իսկ Ա.Պ.-ն իր մոտ եղած ատրճանակով 3-4 անգամ կրակել է օդ, այնուհետև ատրճանակի բռնակով հարվածել Հ.Մ.-ի գլխին:
Կատարվում է նախաքննություն:












































