Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, այցելեց Նոր Նորք վարչական շրջան:

Երևանի քաղաքապետի թեկնածուն նախ պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, որից հետո Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ շրջեց համայնքի փողոցներով, շենքերի բակերով, հարակից տարածքներով, շփվեց անցորդների, բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց հետ: Քաղաքացիներին ներկայացվեցին կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրությները, կարգախոսը՝ «Արդարություն և օրենք», բաժանվեցին կուսակցության քարոզչական նյութերը:

Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ եղավ Նոր Նորքի «Վիշապի կոթողներ» այգում, որտեղից դիմելով երևանցիներին՝ ասաց, որ տարիներ առաջ, երբ ապօրինի շինարարության պատճառով այգին ցանկանում էին վերացնել, նա գործընկերների հետ թույլ չէր տվել ապօրինի շինարարությունը՝ այդպիսով փրկելով այգին, այն ժամանակ իրականացրեցին նաև ծառատունկ, և այսօր այգին կանաչապատ է և կանգուն: Զարուհի Փոստանջյանը նաև շնորհակալություն հայտնեց տարածքի բնակիչներին, ովքեր նույնպես պայքարեցին այգու փրկության համար: Այնուհետև «Երկիր Ծիրանի»-ի նախագահը, հիշեցնելով, որ Նոր Նորքի այգիները կառուցել է Պավել Սաֆյանը՝ ընդգծեց, որ խոնարհվում են նրա հիշատակի առաջ, քանի որ ոչ միայն ստեղծվեց նոր թաղամաս Երևանում, այլ նաև՝ թաղամասը կանաչապատ էր: Եվ մեր նախնիներից, ղեկավար անձանցից, ովքեր կառուցեցին և կանաչ Երևան էին փոխանցում սերունդներին, պարտավորվում և ասում է, որ գալով որպես Երևանի քաղաքապետ՝ ծառայելու է և վերականգնելու է այն հատակագիծը, որը նախատեսված էր բարեկեցիկ Երևանի համար:

Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում գտնվող Հայկ Բժշկյանցի (Գայի) հուշարձանի հարակից տարածքում «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուները կներկայացնեն կուսակցության նախընտրական Ծրագիրը և կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նախընտրական քարոզարշավը շարունակվում է և համակիրների թիվն օրեցօր ավելանում է:











































