ՀՀ կառավարությունը այսօր որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հունիսի 25-ը։ Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում հիմնել վարդերի ջերմոցային տնտեսություն, որը կիրառելու է հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները։ Նախատեսվում է կատարել մոտ 2 մլրդ դրամ ներդրում՝ ստեղծելով մոտ 30 աշխատատեղ։
«Մենք զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը մշտապես հրավիրում ենք բոլոր այն դեպքերին, երբ կառավարությունն արտոնություն է տրամադրում ձեռնարկություններին իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնելու ժամանակ, որպեսզի հանրությունը նույնպես իր հսկողության տակ պահի, որ այս արտոնությունը ծառայելու է բուն նպատակին։ Դրա համար այս անգամ ևս ցանկանում եմ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հրավիրել այս որոշման վրա։
Սա թվով 17-րդ որոշումն է, որով մենք հավանություն ենք տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին։ Արդյունքում, հարգելի գործընկերներ, մենք ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ և ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 1700 աշխատատեղ։ Այնպես որ, օրենսդրական հնարավորությունը, որ տրվեց կառավարությանը, տալիս է իր դրական արդյունքները. բավական շոշափելի են դառնում մեր տնտեսության տարբեր ճյուղերում արվող ներդրումները»,- նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։












































