«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակամարտություն իրականում չկա, որովհետև նրանք նույն թիմն են ներկայացնում, բավականին երկար ճանապարհ են անցել՝ սկսած Լեռնային Ղարաբաղից մինչև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ դառնալը: Բայց այստեղ խնդիրը հետևյալն է՝ դա չի նշանակում, որ նրանց թիմերն էլ են նույնը, ամեն մեկն իր առանձին թիմն ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատող հարցազրույցին:
«Այն, որ Ռոբերտ Քոչարյանին դուր չի գալիս գործող վարչապետի վարած քաղաքականությունը՝ դա արդեն պարզ է. նա առաջին անգամ չէ այդ մասին բարձրաձայնում: Նախկին նախագահը շատ կոպիտ քննադատության է ենթարկում գործող վարչապետին և իր թիմին»:
Ըստ քաղաքագետի՝ պատահական չէ, որ Քոչարյանը հենց հիմա է այդ մասին խոսում. «Նկատի ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից մի 20 օր հետո այդ մասին խոսեց, այսինքն՝ կարելի է աել, որ ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական թիմը ցանկանում է վարչապետի փոփոխություն տեսնել:
Մենք գիտենք, որ ինչքան էլ մեր վարչապետը փորձում է իրեն լոյալ ցույց տալ Ռուսաստանի նկատմամբ, միևնույն է՝ բոլորը գիտեն, որ նա ավելի շատ Եվրոպայի «սիրելի» քաղաքական գործիչն է եղել: Նա հայտնի է հենց նրանով, որ իր շնորհիվ էր Հայաստանը Եվրոպայից բավականին մեծ գումարներ ստանում վարկերի տեսքով, և իզուր չէ, որ հենց ինքն էլ դարձավ այն անձը, որ օգոստոս ամսին եվրոպական մամուլի մի քանի ճանաչված թերթերում հրատարակեց հոդվածներ, որտեղ մանրամասն բացատրում էր, թե ինչու Հայաստանը չի կարող դառնալ Մաքսային միության անդամ:
Համբարյանի դիտարկմամբ՝ այդ «ինչու չի կարող դառնալ»-ի պատասխանը հիմա ռուսամետ ուժերը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի նրան տալիս են. «Դա չէր կարող լինել կոնկրետ դեկտեմբերի երկուսին-երեքին, երբ Պուտինն էր այցելում Հայաստան, այլ պետք էր ժամանակ, և հիմա երևի թե հարմար պահ էր:
Այն, որ գործող վարչապետը ամենաանհաջողակ քաղաքական գործիչներից մեկն է, այն, որ նա ոչ մի ոլորտում չի կարողացել ոչ մի բանի հասնել, դա փաստ է և այդ ամենի վրա էլ իրենց հույսը դնում են գործող վարչակարգի ռուսամետ ուժերը, որոնք ցանկանում են փոքրիկ իշխանափոխություն իշխանության մեջ»:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանն ու իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույն թիմն են ներկայացնում և քննադատության թիրախ ընտրել են ոչ թե գործող նախագահին, այլ վարչապետին, մեր զրուցակիցն ասաց. «Եթե նկատել եք, ԲՀԿ-ին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 29-31-ը վարչապետին ոչ թե քննադատող, այլ ցեխը մտցնող հեռուստառեպորտաժներ էր ցուցադրում:
Ես էլ գտնում եմ, որ այս «հարձակումը» վարչապետի վրա մի քանի ուղղություններով ծրագրված է ԲՀԿ-ի և Քոչարյանի կողմից: Կարող է Քոչարյանը բացեիբաց ԲՀԿ-ի թիկունքում չէ, բայց այս պարագայում թե՛ Քոչարյանին, թե՛ ԲՀԿ-ին բավականին ձեռնտու է թուլացնել վարչապետին և ազատվել նրանից, որն ուղղակիորեն 6 տարվա մեջ ոչ մի դրական արդյունքի չի հասել տնտեսության ոչ մի ոլորտում:
Ամենակարևոր կետն էլ, որի վրա նրանք հիմա հենվում են, այն էր, որ նախագահն իր ասուլիսում հայտարարել էր, որ եթե 7 տոկոսանոց տնտեսական աճ չեղավ ՝ վարչապետն իր թիմով պետք է հրաժարական տա: Իսկ տարվա վերջում պարզ դարձավ, որ նույնիսկ 7 տոկոսին չի էլ մոտեցել: Էլ չեմ ասում այն մասին, որ մեկ տարվա մեջ 120 հազար մարդ է լքել երկիրը, իսկ կոնկրետ Գյումրին՝ 25․000 մարդ, դա ուղղակի ողբերգություն է մեր երկրի համար»:








































