Պատասխանելով վերջերս «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի կողմից սպանված Արման Ենգիբարյանի վերաբերյալ հարցին՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշել է, որ իր կարծիքով «ամեն ինչ արվել է օրինաչափ, ոստիկանի արարքի մեջ որևէ խախտում չկա:
«Սովորական դեպք է, կարող է ամեն օր պատահել: Կողմնորոշվել, թե ինչու պետք է ոտքին չկպներ կամ կպներ մատի ծայրին, դժվար է: Ովքեր մի անգամ հրազենի հետ գործ են ունեցել, պիտի հասկանան, որ հրազեն օգտագործելը տիրում չէ՝ այն պահին, այն վիճակում, երբ դիմացինը կրակ է արձակում քեզ վրա: Այդ պահին կողմնորոշվել, խփել մարմնի մատերի ծայրին, ոչ ոք դրանից պաշտպանված չէ և չի կարող ոստիկանից պահանջել»,- ասաց Ա.Սարգսյանը՝ հավելելով, թե ծնողների ասածները չի կարելի հիմք ընդունել:
«Այս պահին փորձաքննություն է գնում, այս պահին տուժողները գալիս տեսնում, ճանաչում են, հիմա ես հավատամ ծնողների ասածի՞ն։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, որ իր տղան մեղավոր է: Ես իմ երկար տարիների աշխատանքի ընթացքում նման ծնող չեմ տեսել: Բոլորի ծնողներն այն կարծիքին են, որ իրենց տղան անմեղ է»,- հայտարարել է ոստիկանապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կապ կա Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի և ոստիկանության շենքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի գործերի միջև, Ա.Սարգսյանը նշեց, որ որևէ կապ չկա: «Դրանք ուղղակի ենթադրություններ են, որ հաճախ մամուլում շրջանառվում են, վերլուծություններ են կատարվում գեղարվեստական թեքումներով։ Գործը ընթացքի մեջ է, շուտով կուղարկվի դատարան, դատարանի վճռից կիմանաք, թե իրողությունն ինչ է: Ոչ մի նոր մարդ գործում չի հայտնվել»,- ասաց Ա.Սարգսյանը։





































