ԱՄՆ–ում որոշվել է Միսս Ամերիկա 2019 մրցույթի հաղթողը։ Այս անգամ առաջատարն է եղել երաժշտական կրթությամբ Նիա Ֆրանկլինը,– հաղորդում է Associated Press–ը։
Ֆրանկլինը ծնվել է Հյուսիսային Կարոլինայում։ Ավարտել է մագիստրատուրան «կոմպոզիտոր» մասնագիտությամբ, ինչից հետո Նյու Յորք է տեղափոխվել կրթությունը շարունակելու համար։
«Ես մեծացել եմ մի դպրոցում, որտեղ հիմնականում սպիտակներն էին, և ես ինձ միշտ վատ էի զգում մաշկիս գույնի պատճառով։ Սակայն հետագայում, երբ ես տարվեցի արվեստով և երաժշտությամբ, սկսեցի ավելի լավ վերաբերվել ինքս ինձ և իմ եսը ձեռք բերեցի»,– նրա խոսքերն է մեջբերում CNN-ը։

Որպես մրցանակ աղջիկը 50 հազար դոլարի չափով կրթաթոշակ է ստացել։
Այս տարվա մրցույթն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ 97 տարիների ընթացքում, մասնակիցները չէին ներկայանում լողազգեստերով։ Այս կերպ կազմակերպիչները ցանկանում էին ընդգծել, որ սա արտաքին տվյալների մրցույթ չէ միայն։









































