Քրիստոսի ծնունդը հայ ընտանիքներում ավետվում է հունվարի հինգի երեկոյան, որը հայոց կենցաղում առավել հայտնի է թաթախման գիշեր անունով: Այս օրը եկեղեցիներում երեկոյան սուրբ պատարագ է մատուցվում, որի ժամանակ հավատացյալները ստանում են հաղորդություն: Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Մկրտչյանի հավաստմամբ՝ բոլոր եկեղեցիներում կատարվում էր գլխավոր իրադարձությունը՝ պասը լուծելու կամ թաթախվելու ծեսը. «Մարդիկ այս օրը շտապում էին իրենց բաժին նշխարքը վերցնել և ընտանիքով ընթրել, որը նշանակում էր պասի ավարտը»,- նշեց ազգագրագետը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ տեղերում ընթրում էին եկեղեցուց բերված մոմերի լույսի տակ, որի քանակը համապատասխանում էր ընտանիքի անդամների թվին: Նա պատմեց, որ տոնի նախորդ օրը ընտանիքի բոլոր անդամները պարտադիր լողանում էին, տունը հիմնովին մաքրում, իսկ հաջորդ օրը մայրերն ու դուստրերը միասին գնում էին եկեղեցի:
Հունվարի վեցի առավոտյան դարձյալ նախ այցելում էին եկեղեցի, այնուհետև՝ հարազատների, մերձավորների տները և շնորհավորում միմյանց: Քրիստոսի ծնունդը մարդկանց մեջ առավել հայտնի էր Փոքր Զատիկ անունով:
Սամվել Մկրտչյանը պատմեց նաև, որ խթումի երեկոն մխիթարանքի օր էր այն ընտանիքների համար, որտեղ նոր մահացած մարդ կար. «Բարեկամները նվերներով գնում էին մխիթարելու սգավոր ազգականներին, նրան նվեր էին տանում գոտի, չուխա կամ գլխաշոր»:
Ճրագալույցի հաջորդ օրը կատարվում էր ջրօրհնեքի արարողությունը, որը Քրիստոսի ծնունդը խորհրդանշող գլխավոր ծեսն էր. «Սովորաբար մարդիկ հավաքվում էին գետերի մոտ, որտեղ կատարվում էր խաչը ջուրը գցելու արարողությունը: Այս ծեսը նաև եկեղեցում էր արվում, որտեղ սեղանների վրա սրբազան ջրով լի կաթսաներ էին դնում»:
Մարդիկ այդ օրհնված ջուրը տանում էին տուն, հավատալով դրա զորավոր ուժին՝ այն քսում հիվանդների ցավող տեղերին, մնացածը պահում՝ մինչև հաջորդ տարի:









































