Երեկ ռուսական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Կռիլյա Սովետով»-«Անժի» հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուներից մեկը բանան է նետել Ռոբերտո Կառլոսի ուղղությամբ, ինչից բրազիլացին վիրավորվել է և, հանդիպումը չավարտված, լքել խաղադաշտը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 90-րդ րոպեին: Սա արդեն երկրորդ նման դեպքն է, որ Ռուսաստանի առաջնության հանդիպումների ժամանակ բանան են նետում աշխարհի կրկնակի չեմպիոնի ուղղությամբ: Խաղից հետո Կառլոսը հայտարարել է, որ ինքը խորապես վիրավորված է երկրպագուներից և կոչ է արել ՌՖՄ-ին, ՖԻՖԱ-ին ու ՈւԵՖԱ-ին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն երկրպագուների նման ռասիստական վարքը կանխելու համար:







































