ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը խոսել են այն մասին, որ Սպիտակ տան համար ցանկալի կլիներ պաղեստինցիներից հասնել Իսրայել պետության հրեական կարգավիճակի պաշտոնական ճանաչմանը:
Այս մասին հայտնել է պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան արաբական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ: Նա նաև նշել է, որ երկու կողմերի միջև հանդիպումը բարդ էր:
Պաղեստինի վարչակազմի ներկայացուցիչ Յասիր Աբեդ Ռաբոն ասել է, որ բանակցություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, սակայն տեղի է ունեցել լուրջ քննարկում:
Ռաբոյի կարծիքով՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում խաղաղ համաձայնագրի վերաբերյալ ամերիկյան կողմից նոր առաջարկներ չեն լինի:
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Հորդանանի պետական պաշտոնյաները դեմ են իսրայելցիների և պաղեստինցիների միջև համաձայնագրի՝ ԱՄՆ պետքարտուղարի ծրագրերին:
Հորդանանի խորհրդարանի անդամ Մուհամեդ Զաարավին ասել է, որ «հորդանանցի ժողովուրդը չի կարող հանգիստ մնալ այն ժամանակ, երբ մեր, մեր շահերի և պաղեստինցիների շահերի դեմ դավադրություն է կազմակերպվում»՝ գրում է MIGNews-ը:
Տարբեր քաղաքական կուսակցություններ սկսել են կազմակերպել երթեր և բողոքի ակցիաներ՝ հայտարարելով, որ Քերին Հորդանանում անցանկալի հյուր է:
Սպասվում է, որ Քերին կփորձի իր ծրագրերի գործող լինելը համոզել Հորդանանի թագավորին, որի հետ նա ներկայում բանակցություններ է վարում:








































