Այսօր գիշեր 72 տարեկան հասակում մահացել է Լիսաբոնի «Բենֆիկա»-ի և Պորտուգալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Էյսեբիոն: Մահվան պատճառը եղել է սրտի նոպան:
Էյսեբիոն 41 գոլ է խփել Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 64 խաղերում: Աշխարհի 1966 թվականի առաջնությանը նա լավագույն ռմբարկու է ճանաչվել` իր ակտիվում գրանցելով 9 գոլ: 1965-ին Էյսեբիոն արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, 1968-ին և 1973-ին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ»-ը:
15 տարի «Բենֆիկա»-ում հանդես գալու ընթացքում Էյսեբիոն 11 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, երեք անգամ՝ փոխչեմպիոն, հռչակվել է եվրոպական չեմպիոնների գավաթակիր, երեք անգամ խաղացել է նույն մրցաշարի եզրափակիչում:
Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայրենակցի մահվան կապակցությամբ Twitter-ի իր էջում գրել է. «Հավերժ կհիշենք Ձեզ, Էյսեբիո: Ննջե´ք խաղաղությամբ»:









































