Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հրավիրված ասուլիսում հրաժարվել է գնահատական տալ «Սասնա ծռեր» խմբի գործողություններին: «Ես ունեմ իմ հստակ տեսակետը և գնահատականը այդ ամենին, որի մասին կասեմ հետո»,- հայտարարել է Օսիպյանը:
«Հայաստանում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը: Հարցերը նրանց ուղղեք»,- ասել է նա՝ պատասխանելով «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցին:
Սակայն զավեշտն այն է, որ Հայաստանի ոստիկանության պետը հրաժարվել է հրապարակավ գնահատել «ծռերի» գործողությունները․«Այո՛, ես ունեմ իմ տեսակետը, հստակ գնահատականն այդ ամենին, կանդրադառնամ հետո: Իսկ թե նրանք հերոսներ են, թե ոչ, կգնահատի դատարանը, կգնահատի պատմությունը, կգնահատի ժամանակը, հայ ժողովուրդը»:
Ստացվում է՝ Օսիպյանը, որը դարձել է զինված խմբի հանցագործության թիրախներից մեկը՝ մեկ շաբաթից ավելի գտնվելով պատանդի կարգավիճակում, տեսականորեն չի բացառում, որ «ծռերը» նույնիսկ կարող են հերոսացվել։ Իսկ եթե խնդրին նայենք Օսիպյանի այսօրվա կարգավիճակի դիրքերից, նրա լոյալությունը «ծռերի» գործողությունների հանդեպ անգամ վիրավորական է ոստիկանության համակարգի, նրա հազարավոր ծառայողների, ՊՊԾ գնդի դրամատիկ իրադարձությունների ժամանակ զոհված երեք ոստիկանների հիշատակի հանդեպ։
Այսօրվա ասուլիսում այդպես էլ չլսեցինք ահաբեկչական ակտը դատապարտող որևէ հայտարարություն կամ հանդիմանություն «ծռերի» հասցեին․Օսիպյանն այդպես էլ չասաց, որ հետամուտ են լինելու, որպեսզի իրենց ընկերների սպանության հանգամանքները բացահայտվեն ու մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Ավելին՝ Հայաստանի ոստիկանության պետը նույնիսկ անուղղակիորեն արդարացրել է «ծռերի» խափանման միջոցի փոփոխությունը։ Կան ամբաստանյալներ, որոնք, կարելի է համարել, երկու տարում պատիժ են կրել՝ ասել է նա։
Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ երբևէ չենք հիշում ոստիկանապետ, որն այսքան անտարբեր եղած լինի իր համակարգի, ծառայակիցների արժանապատվության պաշտպանության հարցերում։ Իր դրվագով «ծռերին» ներելը Օսիպյանի անձնական գործն է, սակայն որպես ոստիկանապետ, նա պարտավոր է կոշտ, անզիջում դիրքորոշում ունենալ մարդկանց նկատմամբ, որոնց ահաբեկչական ակտին զոհ են գնացել իր ծառայակից ընկերները։
Հակառակ պարագայում կարող ենք հանգել շատ տխուր եզրակացությունների։ Օրինակ՝ նրան, որ պաշտոնը փոխում է մարդու արժեհամակարգը, ու նա կարող է հարմարվել քաղաքական կոնյունկտուրային՝ տրամագծորեն փոխելով իր դիրքորոշումները, մոտեցումները, անգամ՝ սկզբունքները։
Այնպիսի տպավորություն է, որ պատանդառության դիմաց Օսիպյանին վարձահատույց են եղել․նա դարձել է համակարգի առաջին դեմքը ու հիմա, մեղմ ասած, նրան քիչ է հետաքրքրում իր ընկերների սպանության հանգամանքների բացահայտումը կամ հանցագործներին պատժելու անհրաժեշտությունը։
Դատական նիստում շաբաթներ առաջ հրապարակվեցին «ծռերի» հեռախոսազրույցների սղագրությունները, որոնք բացահայտում էին, թե զինված խմբի անդամներն ինչպես են նվաստացրել պատանդառված Օսիպյանին՝ անկասկած, ծաղրելով նրան ու ամբողջ համակարգը, պետությունը։ Այդ գաղտնալսումների հրապարակումից հետո Օսիպյանը իշխանություններից պետք է պահանջեր դադարեցնել «ծռության» հանդեպ դրսևորվող հումանիզմը, կամ էլ՝ հրաժարական տար՝ իր անհամաձայնությունը հայտնելով խեղկատակության վերածված դատավարական գործընթացի հանդեպ։
Եթե սպայի մոտ բացակայում են արժանապատվության, անհրաժեշտության դեպքում՝ սեփական դիրքորոշումները մինչև վերջ պնդելու կամային գծերը, ապա պետք է մտածել ոչ թե նրա, այլ վերջինիս կողմից ղեկավարվող համակարգի ճակատագրի մասին։ Ողբերգություն կլինի, եթե կոմֆորմիզմը, հարմարվողականությունը, անդեմությունը դառնան այսօրվա ոստիկանության բնավորությունը՝ նրանից կերտելով պատանդի հավաքական կերպար, որը վաղը պատրաստ է ներել իրեն նվաստացրած հանցագործին, ահաբեկչին։











































