Օգոստոսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած երկու կարևոր, առանցքային կետերն առնչվում էին սահմանադրական փոփոխություններին և անցումային արդարադատության մարմինների ստեղծմանը: «Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում սահմանադրագետ Արմեն Մազմանյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների համար պետք է անցկացվի ժողովրդի ստորագրահավաք:
«Հեղափոխությունը ենթադրում է, որ կարող է ամեն ինչ սկսվել զրոյից, բայց այդ ճանապարհը չի ընտրվել: Այս իշխանությունը որդեգրել է Սահմանադրության տառին համապատասխան գործելաոճ. ընտրվել է սահմանադրական ճանապարհը. այստեղ առաջանում է որոշակի պարադոքս… այս լույսում սահմանադրական փոփոխությունները որոշակի հարցեր են առաջացնում: Սահմանադրականությունը ենթադրում է, որ օրախնդրային քաղաքական հարցերը պետք է համապատասխանեցնեն Սահմանադրությանը, այլ ոչ թե հակառակը: Սա Հայաստանից դուրս քննարկման առարկա կարող է դառնալ»,- նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ այս հարցի լուծումը տեսնում է քաղաքական կոմպրոմիսների դաշտում, սակայն քաղաքական զարգացումները դեռևս գնում են առճակատման:
Մազմանյանի դիտարկմամբ՝ անցումային արդարադատությունը նոր միտք չէ Հայաստանում. «Անցումային արդարադատությունը շատ մեծ տեղ ունի «Սասնա ծռերի» և այդպիսի քաղաքական մտածելակերպով մարդկանց ծրագրերում: Անցումային արդարադատություն առաջարկվում էր նաև 10 տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Կարևոր է, թե դա ինչ նպատակների համար ենք ուզում կիրառել: Միջազգային փորձից ելնելով՝ անցումային արդարադատությունը հետապնդում է մի շարք նպատակներ. կարևոր և խորքային նպատակներից է հանրային համերաշխությունը, արդարության և իրավունքների վերականգնումը, վնասների փոխհատուցումը և ներողություն խնդրելու ինստիտուտի ստեղծումը»:
Սահմանադրագետը նաև ընդգծեց, որ կան ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնել և վերլուծել. «Առաջին մեծ վտանգը անցումային արդարադատության վերածումն է անցումային դիկտատուրայի, որից մենք պետք է խուսափենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































