Եվրոպա լիգայի խաղարկությունն ավարտվեց հայկական թիմերի համար: Երեկ Երևանի «Փյունիկը» հեղինակավոր մրցաշարի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով զիջեց Թել Ավիվի «Մաքաբիին»: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Երևանում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0: Արդեն 10-րդ րոպեին «Փյունիկ»-ը առաջ անցավ հաշվի մեջ և առաջին կեսում գրագետ պաշտպանվեց: Երկրորդ կեսում կարգով ավելի ուժեղ «Մաքաբին» երկու գնդակ խփեց: Հանուն արդարության նշենք, որ դաշտի տերերը երկրորդ կեսում գերազանցեցին «Փյունիկ»-ին խաղային բոլոր առումներով:
Տակտիկական տեսանկյունից մեր թիմը բավական հաջող գործեց: Արագ գոլից հետո մերոնք շարունակեցին պաշտպանվել՝ ապավինելով հակագրոհներին: Ունեինք նաև երկրորդ գոլը խփելու իրական հնարավորություններ, բայց…
«Նեթանյա» մարզադաշտում տեղի ունեցավ այն, որից ամենաշատն էինք վախենում: Կենտրոնական պաշտպան Բորիս Կադիոյի հեռանալն էապես ազդեց դիմակայության ելքի վրա: Երևանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկ»-ը գոլ բաց չթողեց հատկապես այս պաշտպանի փայլուն խաղի շնորհիվ:
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը որոշ չափով լրացրել էր Կադիոյի բացը, բայց միայն որոշ չափով: Ժեզտոկով-Ստեժկո պաշտպանական զույգը վատ չաշխատեց, սակայն ինչ-որ բան այն չէր: Պաշտպանության կենտրոնում առաջացած խնդիրների հետևանքով հենակետային կիսապաշտպանի գոտում խաղացող ֆուտբոլիստները ստիպված էին ետ քաշվել: Պատասխան գնդակը «Փյունիկը» բաց թողեց հենց կենտրոնական պաշտպանի գոտուց: Եթե Կառլեն Մկրտչյանը մարզավիճակի և ֆունկցիոնալ պատրաստվածության հետ կապված խնդիրներ չունենար և խաղար առաջին րոպեից, կարծում ենք, պատկերն այլ կլիներ: Մկրտչյանը Հայաստանի լավագույն հենակետային կիսապաշտպաններից է, և ցավալի է, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում ըստ էության չկարողացավ օգնել «Փյունիկ»-ին:
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Մաքաբի» խաղից հետո Կադիոյի պայմանագիրն ավարտվել էր, և այս ֆուտբոլիստը չցանկացավ մասնակցել գոնե «Մաքաբիի» հետ պատասխան խաղին: «Ես ցանկանում էի, որ Կադիոն մնար»,- «Մաքաբիի» հետ Երևանում տեղի ունեցած խաղից հետո ասել էր Տալալաևը։ Ճիշտ չի լինի հիմա Կադիոյին մեղադրել «Փյունիկ»-ը լքելու համար, բայց նրա՝ «Մաքաբի»-ի հետ պատասխան հանդիպմանը մասնակցելը կդիտվեր որպես մարդկային քայլ: Քայլ, որը կարող էր նպաստել հայկական ֆուտբոլում պատմական հաջողության շարունակությանը: Համաձայնեք, որ տեղի ունեցածը Կադիոյի կողմից ետքայլ էր, որը կամա թե ակամա խանգարեց մեծ հաղթանակի կայացմանը: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք:
«Ի՞նչ կարող եմ ասել։ Թիմը պարտվեց 1:2 հաշվով, «Մաքաբի»-ն շարունակում է պայքարը։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանց։ Ի՞նչը չբավարարեց իմ թիմին։ Մրցակիցը 2 գոլ խփեց, մենք՝ 1: Ես գոհ եմ նրանից, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս խաղադաշտում, բայց պետք է ավելի լավ խաղանք։ Եղանակի պահով կարող եմ ասել, որ Հայաստանում պակաս տոթ չէ։ Պարզապես խաղադաշտում մի փոքր տարբեր խաղամակարդակներ ունեցող թիմեր էին։ Մենք գնում ենք տուն։ Ինքնաթիռը Հայաստանում վայրէջք է կատարելու 20:10-ին, բայց մեր խաղը նշանակվել է 21:30-ին։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հայկական ակումբները հաջողություններ չեն գրանցում։ ՀՖՖ-ն պետք է մտածի ավելի հետաքրքիր օրացույց կազմելու մասին։ Եկեք հաջողություն մաղթենք «Մաքաբի»-ին և գնանք Հայաստան, որպեսզի աստիճանաբար կարգի բերենք այս ամենը, քանի որ այս անկարգապահ վիճակով տեղից չենք շարժվի»,- խաղից հետո ասել է Անդրեյ Տալալաևը:
Ու չնայած «Փյունիկ»-ը պարտվեց, առանց վարանելու պետք է շնորհավորել այս ակումբին և մասնավորապես Անդրեյ Տալալաևին կատարած աշխատանքի համար: Առաջին անգամ երկրպագուն տեսավ ֆուտբոլ հայկական ակումբի մասնակցությամբ: Տեսանք մրցակցություն, ունեցանք սուր զգացողություններ, էմոցիոնալ պոռթկումներ, ճաշակեցինք հաղթանակի բերկրանքը: Այսօր Հայաստանում կա ակումբ, որի ղեկավարությանը հաջողվել է ընտրել զարգացման ճիշտ ուղի: Նույն ոգով շարունակելու դեպքում «Փյունիկը» եվրագավաթների հաջորդ խաղարկությունում կարող է իր առաջ շատ ավելի լուրջ խնդիրներ դնել:
Տալալաևի գլխավորությամբ «Փյունիկ»-ի համար, կարելի է ասել, նոր է սկսվում ճանապարհը: Մասնակցելով Հայաստանի առաջնությանը՝ այս թիմը էլ ավելի կամրանա: Կարճ ժամանակում «Փյունիկ»-ին հաջողվել է ձևավորել երկրպագուների բանակ, ինչը կարևոր, միևնույն ժամանակ պարտավորեցնող գործոն է: «Փյունիկ»-ի ոչ միայն ցույց տված արդյունքը, այլև ցույց տված ֆուտբոլը գրավել է շատերին: Ի դեմս Անդրեյ Տալալաևի՝ այսօր Հայաստանում ունենք բարձրակարգ մի մասնագետ: Տալալաևի աշխատանքը մեր երկրում իրական մարտահրավեր է մյուս մարզիչների համար, որոնք փոխարինելով մեկը մյուսին՝ աշխատել են հայկական գրեթե բոլոր թիմերում:










































