Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը ապօրինի է և խախտում է սահմանադրական նորմերը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքերով՝ ներգրավելով բանակը ներքին քաղաքական հարցերում՝ Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը, իսկ դատավորը, փաստորեն, հղում անելով Ռոբերտ Քոչարյանի «անձեռնմխելիությանը», նրա գործողությունները համարում է իրավաչափ։ «Մինչդեռ անձեռնմխելիությունը տարածվում է միայն այն գործողությունների վրա, որոնք կատարվել են Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում։ Քոչարյանի կողմից բանակի ներգրավումը մարտի 1-ի դեպքերից առաջ, դրանցից հետո, նշանակում է, որ նա դուրս է եկել Սահմանադրության շրջանակներից։ Ուստի, անձեռնմխելիությունը չի կարող տարածվել դրա վրա, պարզ է, որ այլ կերպ մտածելը ուղղակի նշանակում է քարտ-բլանշ տալ որևէ նախագահին՝ խախտելու Սահմանադրությունը ցանկացած ձևով և գերազանցելու իր լիազորությունները»,- ասել է Զուրաբյանն ու հավելել․ «Սա բացարձակ ապօրինի որոշում է, որը որևէ կապ չունի սահմանադրական նորմերի, օրինականության հետ։ Մեր պահանջն է, որ Վճռաբեկ դատարանն այդ որոշումը վերանայի»։
Խոսելով Քոչարյանի՝ քաղաքական գործոն դառնալու հնարավորության մասին՝ Լևոն Զուրաբյանը նշել է, թե Ռոբերտ Քոչարյանը վաղուց արդեն քաղաքական գործիչ չէ։ «Գուցե նա քաղաքական գործիչ էր մինչ այն պահը, երբ սկսեց չարաշահել իշխանությունը հօգուտ սեփական հարստացման։ Այդ պահից սկսած նա քաղաքական գործիչ չէ, նա ավազակ է, կամ ավազակապետ, ինչպես կուզեք անվանեք։ Ես չեմ հավատում ավազակների վերադարձին քաղաքականություն։ Որովհետև քաղաքականությունը նրանց համար որևէ հետաքրքրություն չունի, դիտարկվում է որպես սեփական հարստացման գործիք»,- արձանագրել է ՀԱԿ փոխնախագահը և հավելել, թե աբսուրդ է համարում Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները։
«Հասկանում եմ, որ կարող է մի ծախված կամ ճնշման տակ գտնվող դատավոր գտնվի, որը, այնուամենայնիվ, ընդունի նման անարդար վճիռ և փոխի Քոչարյանի խափանման միջոցը։ Բայց դա որևէ բան չի նշանակում, արդարադատությունը դեռ ունի շանս գործելու։ Պետք է հասկանալ մի բան, նման որոշման քաղաքական հետևանքները, եթե չշտկվեն, ահավոր են լինելու Հայաստանի համար։ Նման որոշում, եթե սա լինի վերջնական, նշանակում է, որ Հայաստանում կարելի է բռնաբարել Սահմանադրությունը, կարելի է սահմանադրական կարգ տապալել և դրա համար չկրել ոչ մի պատիժ։ Սրա քաղաքական հետևանքը կործանարար կլինի, ուստի, համար մեկ խնդիրն այն է, որ Հայաստանում ապահովվի արդարադատություն»,- ասել է Զուրաբյանն ու հավելել․ «Կարծում եմ՝ հասարակությունն իրավունք ունի, անգամ պարտավոր է սեփական ապագայի համար, Հայաստանի ապագայի, արդարադատության ապագայի համար իսկապես արտահայտվել և պարտադրել իր կամքը։ Բոլորը պետք է հասկանան, որ մեր հասարակությունը չի հանդուրժի արդարադատության խափանում»։
Խոսելով նոր իշխանության քայլերի մասին՝ ՀԱԿ փոխնախագահը նկատել է․ «Մենք ողջունել են իշխանության ջանքերը՝ ուղղված Մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը։ Բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են արդարադատության վերականգնմանը, մարդու իրավունքների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ավազակապետերի պատժմանը, մենք միայն ողջունում ենք և կարող ենք ասել, որ իշխանությունները պետք է լինեն ավելի հետևողական և վճռական։ Մարտի 1-ն ու կոռուպցիան փոխկապակցված են, մարտի 1-ին ավազակապետերը պաշտպանում էին ժողովրդին կեղեքելու իրենց ցանկությունը։ Ուստի մենք օգնելու ենք և օգնել ենք նոր իշխանությանը»։











































