«Հոկտեմբերի 27-ի տնտեսական հետևանքները շատ մեծ եղան, այդ ահաբեկչությունը սարսափելի հարվածեց մեր տնտեսությանը. միջոցների բավականին մեծ արտահոսք եղավ՝ մոտավորապես 120 միլիոն դոլարի, հարկատվության մակարդակը իջավ, մարդիկ ավելի զգուշավոր դարձան, տնտեսական ակտիվությունը պակասեց, տնտեսական գործարքների 90 տոկոսը չկայացավ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ ուսումնական կենտրոնի ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը՝ հավելելով, որ դրանից հետո ուշքի գալու համար մի քանի տարի պետք եղավ:
Անդրադառնալով դիտարկմանը, որ սովորաբար հեղափոխությունները առաջին հերթին ցնցում են ֆինանսական շուկաները, իսկ Հայաստանը զերծ մնաց դրանից՝ Լ. Բարխուդարյանը նշեց, որ իշխանափոխությունը բնականոն հունով եղավ. «Մեծ ցնցումներ չեղան, անարյուն, թավշյա հեղափոխությունը ցնցումների չենթարկեց տնտեսական համակարգը: Բայց պետք է զգուշավոր լինել կանխատեսումներում, սովորաբար հեղափոխություններից հետո ռիսկեր կան, ներդրողներից շատերը սպասում են ԱԺ ընտրություններին, խոշոր ներդրողները մի փոքր կհապաղեն: Առաջին ծիլերը կան՝ ոչ մեծ գումարների ներդրման խոստումներ կան, բայց իհարկե ժամանակ է պետք»:
Լ. Բարխուդարյանի դիտարկմամբ՝ ամիս առ ամիս տեսանելի է տարեկան մուտքերի գերակատարում: Նրա խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերը կրճատելով՝ շատ մեծ հաջողությունների կհասնենք:
Լ. Բարխուդարյանի կարծիքով՝ էապես պետք է բարձրացվեն աշխատավարձերը. «Պետք է աշխատավարձերը կրկնապատկվեն, և դրա հնարավորությունները մյուս տարվանից կունենանք»:
Մանրամասն՝ տեսանյութում:












































