«ՀՅԴ Գերագույն մարմինը վերջնական որոշում դեռևս չի կայացրել և ինձ հետ այդ հարցը չի քննարկել, ինձ նման առաջարկ չի եղել։ Թեկնածուների հարցում հիմա մեր ԳՄ-ն քննարկումների մեջ է, իսկ թե երբ կլինի վերջնական որոշումը՝ չեմ կարող ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետի պաշտոնին իր թեկնածության վերաբերյալ հարցին։
Նկատենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Երևանի ավագանու ընտրություններին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կարող է քաղաքապետի թեկնածու առաջադրել իր կուսակիցներից Սուրեն Պարսյանին։
Մեզ հետ զրույցում Սուրեն Պարսյանը փոխանցեց նաև, որ հիմա ՀՅԴ-ն ակտիվ քննարկումների մեջ է թեկնածուների հարցում, և երբ իրեն լինի նման առաջարկ, ապա ինքը կմտածի այդ ուղղությամբ։ Այս համատեքստում մեր զրուցակիցը նշեց նաև, որ ինքը տեղյակ չէ, թե թեկնածուների կոնկրետ ինչ անուններ են քննարկվում ՀՅԴ ԳՄ-ում, քանի որ ինքը ԳՄ անդամ չէ և այդ քննարկումներին չի մասնակցում։
Հարցին՝ ունե՞ք անձնական ցանկություն առաջադրվելու Երևանի քաղաքապետի պաշտոնին կամ գլխավորելու ՀՅԴ ներկայացվելիք ցուցակը, Սուրեն Պարսյանը պատասխանեց. «Ներկա դրությամբ ես այլ ծրագրերով եմ զբաղված, մասնագիտական ծրագրում եմ ներառված, օգոստոսին նաև մի քանի օրով գործուղում ունեմ, այնպես որ՝ ես այս պահի դրությամբ այդ մասին ընդհանրապես չեմ մտածել, որևէ մեկի հետ չեմ քննարկել այդ թեման և առայժմ ինչ-որ բան չեմ կարող ասել»։
Շարունակելով խոսքը՝ Պարսյանը ընդգծեց նաև, որ իրենց կուսակցությունում չկա որևէ սահմանափակում՝ քաղաքապետի դաշնակցական թեկնածուն կին կլինի, տղամարդ, երիտասարդ, թե տարիքով անձնավորություն։ «Այսինքն՝ բոլոր հնարավոր թեկնածուներն էլ ուսումնասիրվում են, և առաջիկայում ԳՄ-ն իր որոշումը կկայացնի՝ ելնելով որոշակի չափորոշիչներից, և այդ մասին կհայտարարվի»,- ասաց նա։
Վերջինից հետաքրքրվեցինք՝ եթե նաև Ձեր թեկնածությունը քննարկվի, ու այդպիսի առաջարկ ստանաք, կհամաձայնե՞ք առաջադրվել. «Կրկնում եմ՝ ես այս պահին այլ գործերով եմ զբաղված, իմ մասնագիտական ծրագրերում եմ ներգրավված, ու իմ օրակարգում այդ հարցը դեռևս չկա։ Երբ որ նման առաջարկ լինի՝ ես կմտածեմ ու որոշումս կհայտնեմ»։
«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ հիմա ՀՅԴ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում Դաշնակցության թեկնածուների վերաբերյալ, և գալիք շաբաթվա սկզբին կհրապարակվի, թե Երևանի ավագանու ընտրություններին ով է գլխավորելու ՀՅԴ նախընտրական ցուցակը, և ովքեր են լինելու առաջին եռյակում։ Նրա խոսքով՝ վերջնական որոշում առայժմ չունեն։
«Մենք ունենք մի քանի տարբերակներ, առայժմ քննարկում ենք նրանց թեկնածությունը, և երբ ընդհանուր ցանկը ձևավորվի, այդ ցանկից էլ կընտրվի այն անձը, ով կգլխավորի ցուցակը»,- ասաց նա ու միևնույն ժամանակ նշեց նաև, որ Սուրեն Պարսյանի թեկնածությունը նույնպես քննարկվում է ընդհանուր ցուցակում։
Եղիազարյանն իր հերթին ևս վստահեցրեց, որ թեկնածուների ընտրության հարցում սահմանափակումներ չկան, և քննարկվում են բոլոր հնարավոր թեկնածուները, ընդ որում՝ նաև անկուսակցական թեկնածուներ։ «Այսինքն՝ չի բացառվում, որ մեր ցուցակում տեղ գտնեն նաև անկուսակցական մարդիկ»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը։
Նրա պնդմամբ՝ իրենք բծախնդրորեն են մոտենում իրենց թեկնածուների ընտրությանը, այդ իսկ պատճառով ՀՅԴ ցուցակի հրապարակումը ձգձգվում է։ «Մեզ համար կարևոր է, որ ոչ թե զուտ անուններ հրապարակելը, այլ Երևանի քաղաքապետի և ավագանու անդամների պաշտոնին առաջադրելը այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանան ստանձնել այդ պարտավորությունը և պատշաճ ձևով իրականացնել իրենց գործառույթները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Լուսանկարը՝ Photolure-ի









































