Հանրապետական կուսակցությունը երկրորդ հայտարարությունն է տարածել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով՝ դարձյալ մտահոգություն հայտնելով, խոսելով հասարակության պառակտման մասին և հայտարարելով, որ հարցը բարձրացնելու է միջազգային կառույցներում:
ՀՀԿ-ն, որ տասը տարի փոխհրաձգության մեջ էր Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա էլ թիրախավորում էր Սերժ Սարգսյանին, այժմ աշխուժորեն պաշտպանում է Քոչարյանին: Իսկ ՀՀԿ-ն հենց Քոչարյանին է պաշտպանում, ոչ թե օրենքը կամ իրավունքը, այլապես այդ կուսակցության կառավարման մոտ երկու տասնամյակը չէր անցնի անօրինականության ու անիրավության համատարած դրսևորումներով: Որովհետև եթե կուսակցությունը նույն կերպ պաշտպաներ մարդու իրավունքն ու Հայաստանի օրենքը իր կառավարման տարիներին, ապա այսօր կշարունակեր լինել իշխանություն, և Հայաստանն էլ կլիներ բոլորովին այլ մակարդակում և այլ որակների մեջ, ու կարիք չէր լինի Հայաստանում իրավիճակ փոխել համաժողովրդական թավշյա հեղափոխությամբ:
Մյուս կողմից, սակայն, մեծ վերապահումով է հնարավոր խոսել թե՛ այն մասին, որ ՀՀԿ-ն Քոչարյանին է պաշտպանում, և թե՛ այն մասին, որ հենց ՀՀԿ-ն է պաշտպանում: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հարց է, թե ինչ է ՀՀԿ-ն: Դա հարց էր նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո, և այդ կուսակցությունը երկար ժամանակ փաստացի բաժանված էր քոչարյանական և սերժսարգսյանական հատվածների, որոնք էլ իրենց հերթին ունեին մի քանի ենթահատվածներ: Սերժ Սարգսյանից տևական ջանքեր պահանջվեցին Քոչարյանի թևը կամ ազդեցությունը գրեթե զրոյացնելու համար: Մինչդեռ երկրորդ նախագահը այդ ազդեցությունը չէր էլ թաքցնում՝ իր հետնախագահական հարցազրույցներից մեկում հայտարարելով, որ 2007 թվականին ինքն է մի շարք ազդեցիկ գործիչների հորդորել անդամակցել ՀՀԿ-ին՝ խորհրդարանի ընտրությունից առաջ այդ կուսակցությունն ուժեղացնելու համար:
Սերժ Սարգսյանին իր նախագահության երկրորդ ժամկետից հետո միայն հաջողվեց ՀՀԿ-ում ապահովել քիչ թե շատ միատարրություն կամ, այսպես ասած, միակենտրոն կառավարում, թեև անգամ դա շատ կարճ տևեց, քանի որ Հովիկ Աբրահամյանին ու ոչ իշխանական բևեռը չեզոքացնելուց հետո էլ սկսում էր ձևավորվել Կարեն Կարապետյանի կամ Կարապետյանների ազդեցիկ թևը: Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ դրա տեքստում կոդային ուղերձով հանդերձ, թե «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ՀՀԿ միակենտրոնությունը կրկին տապալվեց շոշափելիորեն, ինչի վկայությունն էր ապրիլի 25-ից մինչև մայիսի 1-ը կուսակցության շրջանակում տեղի ունեցածը, երբ նախ՝ Կարեն Կարապետյանը փորձեց վերցնել ղեկը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը:
Եվ ըստ այդմ՝ ներկայումս ՀՀԿ երկու հայտարարությունների ֆոնին առկա է հարցը՝ ո՞ր կամ ո՞ւմ ՀՀԿ-ն է անում այդ հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, կամ գուցե մի երրո՞րդ ուժի ՀՀԿ-ն: Թեև չի բացառվում բոլորը միասին տարբերակը՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանը հուլիսի 26-ի հարցազրույցում բավականին բաց տեքստով զգուշացրեց բոլորին, որ միայնակ խորտակվողը չէ և կխորտակի բոլորին միասին, եթե չանցնեն համատեղ պաշտպանության:











































