ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը սպասվող հարցաքննությունից առաջ վերջին ճիգերն է օգտագործում՝ մաքրելու իր անունը, փորձելով այս կամ այն կերպ հիմնավորել, արդարացնել 2008 թվականի մարտի 1-ին իր արձակած ապօրինի հրամանները։
Արդարացման նման մի փորձ արվել է իր անվան հետ կապվող լրատվամիջոցներից մեկում, որտեղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը, որն օդաչու է եղել և հիմա ներկայանում է որպես փորձագետ, ներկայացնում է իր կատարած ուսումնասիրությունները, որով իբր հիմնավորվում է, որ բանակի ներգրավվածությունը երկրի ներքին պաշտպանության հարցում «նորմալ երևույթ է, և կա դրա միջազգային փորձը»։
«Շատ քաղաքակիրթ, զարգացած, նորմալ երկրներում նույնպես երկրի կայուն իրավիճակը պահպանելու համար կիրառում են նման դրույթներ։ ԱՄՆ-ում կա անգամ նմանատիպ օրենք, որ տեղի իշխանությունները, տեսնելով, որ իրենց հնաոճ ոստիկանական կազմով չեն կարողանում ապահովել իրենց տարածքի բնականոն գործունեությունը, նույնպես իրավունք ունեն օգտագործելու իրենց ազգային ուժային կառույցները։ Ֆրանսիայում, Գերմանիայում նույնպես կա նման կարգ և ավելի խիստ։ Բրիտանիայում անգամ 60-ական թվականներից ընդունված օրենք կա արտակարգ դրության մասին, որ անգամ պառլամենտի, վարչապետի թույլտվության կարիքը չկա։ Բավարար է միայն պաշտպանական խորհրդի որոշումը ուժային կառույցների ներգրավման մասին։ …Բանակի կարևորությունը զգացվում է այն ժամանակ, երբ իրավիճակը հսկողությունից դուրս է գալիս, և խնդիր է առաջանում պետական կառույցների պահպանության»,- ասում է Արմեն Հակոբյանը և հավելում, որ ինքը տեսել է մարտի 1-ին բանակային ուժերին, բայց դրանք կանգնած են եղել Շահումյան հրապարակում և չեն շարժվել, և թող մեկն ապացուցի, որ զինվորականները կրակել են։
Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Հակոբյանի դատողություններին։ Քոչարյանի խոսքով՝ Արմեն Հակոբյանը մի օդաչու է, որն ի վիճակի չէ անգամ օդանավերի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու, ուր մնաց ուսումնասիրի և հիմնավորի բանակը երկրի ներքին կյանքում օգտագործելու իրավաչափությունն ու դրա վերաբերյալ միջազգային փորձը։
«Քոչարյանը եթե վաղը գա, հարցաքննվի, դրանից հետո ես ամեն ինչին կանդրադառնամ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես կարգավորի իր օրենսդրությունը։ «Իսկ մեր օրենսդրությունը արգելում է հավաքի իրավունքի միջամտությունը բանակի միջոցով։ Մարտի 1-ին միջամտել են հավաքների իրավունքին, կիրառվել է մահաբեր ուժ։ Միջազգային իրավունքը թույլ է տալիս խռովությունները ճնշելու նպատակով կիրառել մահաբեր ուժ, իսկ մեր երկրի օրենսդրությունը վաղուց որոշել է, որ դա պետք է տեղի ունենա ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ անհրաժեշտության, համաչափության սկզբունքից ելնելով։ Հիմա, եթե մենք որոշել ենք, որ օրենքով սահմանված կարգով պետք է լուծվի խնդիրը, իսկ օրենքը չի նախատեսում բանակի միջամտություն հավաքների իրավունքին, ապա վերջ։ Մենք մեր երկրում ապրում ենք մեր օրենքներով, և որևէ անձ չի կարող ասել, որ բանակի միջամտությունը նորմալ է եղել մարտի 1-ին։ Նորմալը օրենքի գերակայությունն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ գուցե որոշ երկրներում ընդունված է զինված ուժերի ներգրավվածությունը երկրի ներքին կյանքին, խռովությունների ճնշման գործում, բայց դա իրենց գործն է, և դա չի կարող մեզ համար ցուցիչ լինել։ Հայաստանում ոչ մի պարագայում բանակը չի կարող խառնվել մարդկանց քաղաքական իրավունքների իրացմանը։ Իսկ և՛ հավաքների իրավունքը, և՛ ընտրական իրավունքը քաղաքական իրավունքներ են, և մարտի 1-ին իրենք իրացրել են իրենց այդ իրավուքնը։
«Հիմա Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ կատարելու համար, ենթադրաբար՝ հրաման տալու համար, որ բանակը միջամտի մարդկանց քաղաքական իրավունքի իրացմանը, ինչը օրենքով արգելված է»,- ասաց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է վաղը նախատեսված Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը և նրան սահմանադրական իմունիտետից զրկելուն, ապա իրավաբանի խոսքով՝ դա շատ վիճելի հարց է։ Մասնավորապես, օրենքով նախատեսված՝ լիազորություններից բխող գործողություններ արտահայտությունը։
«Օրինակ՝ նախագահը մեքենա է վարում, վրաերթ է կատարում, և անձը մահանում է։ Դա հանցագործություն է, որը չէր բխում իր լիազորություններից։ Հիմա ինչ վերաբերում է Քոչարյանին, նախագահը հրաման է արձակում խռովությունները ճնշելու, ապա դա իր լիազորությունների շրջանակում է։ Սահմանադրությունը չի հստակեցնում օրենքով սահմանված կամ չսահմանված հրամանները։ Սահմանադրությունն ասում է՝ իր լիազորություններից բխող։ Սա մեկնաբանության կարիք ունի»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այս հարցում անպայման հստակություն է պետք, որի համար էլ հարկավոր է, որ պրոցեսը սկսվի, պետական մարմինը որոշում կայացնի, ու եթե անորոշություն առաջանա, գուցե անհրաժեշտություն լինի դիմելու Սահմանադրական դատարան՝ մեկնաբանություն ստանալու համար։
«Այս պահի դրությամբ դժվար է կոնկրետ բան ասել։ Ամեն ինչ կախված է հարցաքննության ընթացքում բարձրացված հարցերից և նրանից, թե արդյոք երկրորդ նախագահը կասի՞, որ նման հրաման արձակել է, թե՞ ոչ։ Իսկ այստեղ փաստ է պետք, որից հետո նոր արդեն պարզ կլինի՝ նրան սահմանադրական իմունիտետից զրկելը կիրառելի՞ է փաստի նկատմամբ, թե՞ ոչ»,- եզրափակեց Արա Ղազարյանը:









































