«Բնապահպանական իրավախախտումների խնդրով այսուհետ զբաղվելու է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը: Զուգահեռ երկու գործընթացներ են իրականացվում: Վարչապետի հանձնարարականով 28 մետաղական հանքերում պետք է լինեն ստուգումներ, որոնցից փաստացի ընդամենը 7-ն են աշխատում: Լիդիանի Արմենիա կազմակերպության ղեկավարության խնդրանքով ստուգումները մեկնարկել են Ամուլսարի ծրագրից:
Տեսչական ստուգումները սկսվել են ըստ ՀՀ օրենսդրության ստուգումների մասին տեսչական մարմնի կանոնադրության: Տեսչական ստուգումների ավարտին տեսչական մարմինը հանդես կգա տեղեկատվությամբ՝ հանտնաբերած արդյունքների մասիս»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ստուգումների նպատակը իրավիճակը հասկանալն է, քանի որ մի քանի տարի առաջ ստուգումների գործընթացը դադարեցվել է բիզնեսին չխոչընդոտելու համար, բացի դրանից՝ մետաղական հանածոների արդյունահանման հետ կապված կային խնդիրներ, հասարակության և բնապահպանների դիտարկմամբ՝ կային աղտոտումներ: Բայց քանի որ ստուգումներ և մոնիթորինգի համակարգ չկար, տեղեկատվությունը բացակայում էր:
«Բնապահպանական պետական փորձաքննությունը ուղղակի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումով չի զբաղվել: Նախաձեռնողն ինքն է իրականացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության բոլոր հետազոտությունները՝ օդի, ջրի, հողի, կենսաբազմազանության, նույնիսկ սոցիալական և այլն, դա ներկայացնում է փորձաքննության ՊՕԱԿ, որը, ուսումնասիրելով հայտը, տալիս է դրական կամ բացասական եզրակացություն:
Ամուլսարի պարագայում փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ ջրերի վրա բացասական ազդեցություն չի լինի, փոշու արտանետումները չեն գերազանցի 1կմ շառավիղը և այլն: Ցավոք, բացի «Լիդիան Արմենիա» ընկերության հետազոտություններից, այլ հետազոտություններ չունենք»,- նշեց նախարարը:
«Մենք օրենքի մեջ արդեն նախատեսել ենք, որ այսպիսի լայնածավալ ծրագրերի պարագայում կառավարությունը կարող է միջազգային կազմակերպություններ կամ անհատներ վարձել, որոնք կտան կարծիք և եզրակացություն»,- նշեց Է. Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ կենսաբանական առումով Հայաստանը լուրջ կենտրոն է համարվում աշխարհում:
Մանրամասն՝ տեսանյութում:










































