Երկու տարի առաջ այս օրը Հայաստատանում տեղի ունեցավ Երրորդ հանրապետության պատմության ամենադրամատիկ և արյունոտ իրադարձություններից մեկը․ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից բաղկացած «Սասնա ծռեր» խումբը գրավեց Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գունդը։ Երկու շաբաթ տևած դրամատիկ իրադարձությունների ընթացքում զոհվեցին երեք ոստիկաններ, եղան ոստիկանների, նույնիսկ շտապ օգնության բժիշկների պատանդառության ամոթալի դեպքեր։
Երկու տարվա հեռավորությունից կարող ենք բազմաթիվ վարկածներ նշել, թե ինչու հնարավոր դարձան այս դեպքերը․ ովքե՞ր կամ ի՞նչ գործոններ նպաստեցին դրանց և, որ ամենակարևորն է՝ արդյո՞ք Հայաստանն ապահովագրված է նման արյունոտ իրադարձությունների կրկնությունից։
ՊՊԾ գնդի իրադարձությունները, մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական համակարգի, դրա որակի հետևանք են․ երբ շուրջ երկու տասննամյակ երկրում չեն գործում քաղաքական և ընտրական ինստիտուտները, իշխանությունը պահվում է ոստիկանական մահակի ու քաղաքացիների նվաստացման միջոցով, հասարակության մեջ առաջանում են արմատական տրամադրություններ, որոնք արտահայտվում են նման անընդունելի, պրիմիտիվ գործողությունների միջոցով։ Իրականում պատրանք, քաղաքականության սխալ ընկալում է այն մտայնությունը, թե զենքի ուժով հնարավոր է հասնել քաղաքական փոփոխությունների, բարեփոխումների։ Նման բան չի եղել աշխարհի որևէ երկրում, չի կարող լինել նաև Հայաստանում։ Ահաբեկչությունը չի կարող բարեփոխումների հիմք հանդիսանալ, ուժի գործադրումը միայն լեգիտիմացնում է ռեպրեսիանների դիմելու իշխանությունների իրավունքը։ Ի վերջո, բոլորի համար ակնհայտ պետք է դառնա, որ ուժ կիրառելու սահմանադրական իրավունք վերապահված է միայն իշխանությանը, պետական համապապատասխան կառույցներին, դրանից դուրս նման երևույթներն ահաբեկչության դրսևորում են, որոնք, մեծ հաշվով, չեն կարող կոնսոլիդացնել հասարակությանը կամ դրական մեսիջներ հասցեագրել միջազգային հանրությանը։
«Սասնա ծռերի» գործողությունները օրինաչափորեն հանգեցրեցին ճիշտ հակառակ հետևանքների՝ հակադրության մեջ մտնելով այն նպատակաների հետ, որ հռչակել էր խումբը։ Հայաստանի իշխանությունը դարձավ ավելի ավտորիտար ու անվերահսկելի, Սերժ Սարգսյանը պատեհ առիթն օգտագործեց՝ համարկարգի ներսում իր հիմնական մրցակցից՝ Հովիկ Աբրահամյանից ազատվելու համար։ «Ծռերը» բարձրաձայնում էին Հայաստանի ապագաղութացման անհրաժեշտության մասին, սակայն նրանց գործողությունները պատճառ հանդիսացան, որ ռուսական էմիսարի կարգավիճակով Հայաստանի վարչապետ նշանակվի Կարեն Կարապետյանը, իսկ Մոսկվան հենց դրամատիկ իրադարձությունների օրերին, պատեհ առիթն օգտագործեց Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ իր վերահսկողությունն ուժղացնելու նպատակով՝ Հայաստանի իշխանություններին, ըստ էության, պարտադրելով Միացյալ զորախմբի անհրաժեշտությունը։
«Ծռերի» գործողությունները չհանգեցրեցին դրական փոփոխությունների, քաղաքական դաշտն, ըստ էության, մնաց արյունոտ իրադարձությունների փլատակաների տակ, ինչը թույլ տվեց իշխանությանը՝ 2017-ի գարնանն անցկացնել, այսպես կոչված, անցնցում ընտրություններ՝ «տաս հազար դրամների» կոնսենսուսով։ Այս օրերին Ժիրայր Սեֆիլյանի շատ կողմնակիցներ տեսակետներ են արտահայտում, թե երկու տարի առաջվա իրենց գործողություններն են նախապատրրաստել 2018-ի թավշյա հեղափոխությունը։ Միանգամայն հակաքաղաքական և հիմնազուրկ տեսակետ է, որովհետև թավշյա հեղափոխությունն՝ իր բովանադակությամբ ու պայքարի ձևերով, «բաց ձեռքերի» մարտավարությամբ սկզբունքորեն բացառում էր որևէ բռնություն ու պրակտիկ քաղաքականության , նաև տեսության մակարդակում ուղղված էր ոչ միայն ավտորիտար իշխանության, այլ նաև՝ այսպես կոչված, «ծռության» դեմ։ Պատահական չէ, որ հեղափոխոթյան տարբեր հանգրվաններում նախ հանրահավքային հարթակն ազատվեց «ծռության» քաղաքական պատվիրականերից, ապա երկիրը՝ ավտորիտար ու դեսպոտ իշխանությունից։
Անշուշտ, «Սասնա ծռերի» առաջացման և նրանց օգոստոսյան ավանտյուրայի պատճառներից մեկը ԼՂ խնդիրն է, ավելի ստույգ՝ ապրիլյան պատերազմը, դրան ուղեկցող աշխարհաքաղաքական համատեքստը, այդ օրերին ակտիվ շրջանառվող, այսպես կոչված, Լավրովի պլանը, որը միակողմանի տարածքային զիջումներ էր ենթադրում հայկական կողմից։ Այս առումով միանշանակ պետք է պնդել, որ օգոստոսյան դրամատիկ իրադարձություններն առնվազն անուղակիորեն ռուսական քարոզչական էքսպանսիայի հետևանք էին։ Մյուս կողմից՝ հայակական իրականության մեջ դեռ 19-րդ դարի վերջից արմատավորված մաքսիմալիստական, այսպես կոչված՝ հայդատական մոտեցումներն, որոնք այսօր արտահայտված են «ոչ մի թիզ հող» չզիջելու մասին պրիմիտիվ կարգախոսով քանիցս ապացուցել են իրենց իռացիոնալիզմը ու հայ ժողովրդին կանգնեցրել են աղետի առաջ, հատկապես՝ Առաջին հանրապետության տարիներին։ Ժիրայր Սեֆիլյանի թիմի, այսպես կոչված, ղարաբաղյան կոնցեպցիան, Կուր-Արաքսյան հանրապետության տեսլականն որևէ առնչություն չունեն իրական քաղաքականության, ռացիոնալ մտածողության հետ ու Հայաստանը հակադրում են համաշխարհային զարգացման համատեքստին։
Սակայն «ծռության» խնդիրն ավելի խորքային արմատներ ունի և պայմանավորված չէ միայն կոնկրետ քաղաքական իրավիճակով, իշխանության կամ քաղաքական համակարգի որակով։ Քաղաքական բռնությունը, ահաբեկչությունն առնվազն խորթ չի եղել հայ ավանդական քաղաքական հիմնական ուժի՝ ՀՅԴ-ի համար, որը տասնամյակներ շարունակ իր շարքերին դաստիրակել է «Ստամբուլն արյան ծովի վերածելու» ցնորամտությամբ, ինչի հետևանքով այս կուսակցության շարքերում դաստիրակվել են տոտոալիտար քաղաքական մշակույթի կրող սերունդներ՝ իրենց արժեհամակարգով ու մենթալիտետով։ Եթե չկա համապատասխան պոտենցիալ Ստամբուլն արյան ծովի վերածելու համար, ապա արյան առվակների անխուսափելի կվերածվեն Երևանի Բաղրամյան կամ Խորենացի փողոցները․ անտագոնիզմի էներգիան դրսևորվելու հատկություն ունի։ Պատահական չէ, որ Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ ահաբեկչական ակտերի, բռնության դրսևորումների հիմնական կազմակերպիչները հեղինակաները ՀՅԴ նախկին կամ գործող անդամներ են։ ՀՅԴ-ն վաղուց իշխանության մաս է, սակայն «ծռությունն», որի ակունքներում կանգնած է ավանդական այս կուսակցությունը, ենթարկվել է քաղաքական մուտացիայի՝ իր արտահայտությունը գտնելով մարգինալ տարբեր խմբերի քաղաքական վարքագծում։
Հեղափոխությունը Հայաստանում արմատապես իրավիճակ փոխեց։ Ժօրայր Սեֆիլյանի թիմը հայտատարեց պայքարի զինված փուլի էջը փակելու մասին, որն ավելի շատ արձագանք էր նոր իշխանության հումանիստական մոտեցման, ինչի շնորհիվ ազատության մեջ են ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանն ու նրա գործով անցնող մարդիկ, այլ նաև՝ «Սասնա ծռերի» խմբի անդամների գրեթե կեսը։ Երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ, վերացել են քաղաքական բռնության սուբյեկտիվ հիքերը, սակայ ամբողջ խնդիրն այն է, որ զենքը մնացել է պատից կախ ու չկա որևէ երաշխիք, որ հասարակությունը դարձյալ «արդար գյուլլա» չի տեսնելու։ Մարդկանց մենթալիտետը, արժեհամակարգը փոխելու համար թերևս տասնամյակներ են պետք․․․․







































