Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել ազդարարեց Հայաստանի նոր արտաքին քաղաքականության առաջին քայլերը։ Այդ մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
![]()
«Այս այցի մեջ տեսա մի կողմից այն, որ կարողացավ վարչապետը սահմանափակ ռեսուրսներով բացարձակ առավելագույն արդյունքի։ Արդյունքը այն էր, որ Հայաստանում տեղի ուենցած հեղափոխության մասին ՆԱՏՕ-ի և նրա հետ համագործակցող երկրների ղեկավարները ստացան տեղեկություններ առաջին ձեռքից։ Մյուս կողմից Հայաստանի նոր կերպարն է ձևավորվում աշխարհում որպես մի երկրի, որտեղ հաղթանակել է ժողովրդավարությունը»,- նշել է Սաֆրաստյանը։
Նա նաև կարևորում է այն հանգամանքը, որ այցի ընթացքում լսվեց Հայաստանի ղեկավարի կողմից նոր բառապաշարի օգտագործում, որը մինչ այս չի օգտագործվել։ «Մի կողմից արտահայտվում են մեր ինքնությանը հատուկ գաղափարներ, բայց դրանք ստանում են այնպիսի ձևակերպումներ, որոնք ժամանակակից աշխարհում ոչ միայն ընդունելի են, այլև ողջունելի։ Սա արժեքային առաջընթաց է մեր դիվանագիտության մեջ։ և հույս ունեմ, որ մ եր դիվանագիտական ծառայությունը կկարողանա գտնվել համապատասխան բարձրության վրա և կշարունակի այս քաղաքականությունը, նոր դիվանագիտական ոճը, գործելակերպը»,- նշել է Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, դեռ վաղ է գնահատականներ տալ, թե ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես կկարողանա արձագանքել առկա մարտահրավերներին։ «Բայց այցը հույս է ներշնչում, որ մենք նոր փուլ են մտնում ոչ միայն դիվանագիտության մեջ, այլ ընդհանրապես նոր քաղաքական գիծ է մշակվում Հայաստանի կողմից, որը հիմնված կլինի մեր ժողովրդի ինքնության վրա, այն քաղաքակրթական առանձնահատկությունների վրա, որը հազարամյակների ընթացքում ձևավորվել է մեր ժողովրդի կողմից»,- նշել է Սաֆրաստյանն ու հավելել. «Կարևոր նշանակություն է ստանում նոր արտաքին քաղաքականության ձևավորման խնդիրը, իհարկե՝ շատ բան պահպանելով հնից։ Միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ի տարբերություն ներքին քաղաքականության, ավելի հաջողված է եղել։ Նոր արտաքին քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի մեր ազգային առանձնահատկությունների վրա, պահանջում է տեսական, գիտական հիմնավորումներ։
Կարծում եմ՝ կարևոր խնդիր է, և դա պետք է անեն ոչ թե մեր դիվանագետները, քաղքական գործիչները, այլև գիտնականները, տեսաբանները»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը մի շարք կոշտ գնահատականներ հնչեցրեց Բրյուսելում, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանել է, թե դա մեր ինքնության արտահայտումն էր։ «Եվրոպացիների համար մի փուլ է, երբ ուշի ուշով հետևում են, թե ինչ է կատարվում։ Շատ կարևոր է, որ հնարավորություն ստացան անձամբ հեղափոխության առաջնորդի հետ շփվել, ծանոթանալ նրա գնահատականներին։ Դեռ ծանոթացման փուլն է, այցից հետո դա ավելի կխորանա։ Պետք է սպասել։ Եվրոպական դիվանագիտությունը հարյուրամյակների փորձառություն ունի, չեմ կարծում, թե կշտապի։ Հիմքը դրվել է հարաբերությունների նոր հարթակի, որում մենք որպես խնդրարկու փոքր երկիր չենք հանդիսանա, և ազդակ է լինելու, որ եվրոպացիները մեզ հավասարը հավասարի ընդունեն»,- նշել է փորձագետը։





































