Վերջին մի քանի տարում հանգստի սեզոնին հայաստանցի զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են մեկնել, ըստ առաջնահերթության, Վրաստան, Եգիպտոս, Դուբայ և Հունաստան, Շրի Լանկա, եվրոպական այլ երկրներ։ Ծովափնյա հանգստի սիրահարներին այս երկրներում առաջարկվում է մատչելի և որակյալ հանգիստ։
«ՇԵԼԲԻ ՏՈՒՐ» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Ավետիսյանի խոսքով՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս երկու-երեք ֆավորիտ ուղղություն կա, և սկսած հունվար-փետրվար ամիսներից՝ մարդիկ ամրագրել են տուրփաթեթներ։
«Գերակա ուղղություններից ամենաառաջինը Վրաստանն է, քանի որ այնտեղ մատչելի է, արագ է, չկա վիզայի խնդիր, չկա ժամանակի խնդիր, չկա արգելք։ Բայց, իհարկե, մարդիկ նախընտրում են դիմել հեղինակավոր ընկերությունների, որոնք տարիների փորձ ունեն, հաճախորդների են սպասարկել և գոհացրել։ Օրինակ՝ մենք հուլիս-օգոստոսին մեր՝ «Դիանա» հյուրանոցում արդեն շատ քիչ ազատ տեղեր ենք ունենում, կարելի է ասել՝ չենք ունենում։ Մնացած ուղղություններից կարող եմ առանձնացնել Եգիպտոսը՝ Շարմ էլ Շեյխ, Հուրգադա։ Դրանք շատ պահանջված են հանգստացողների շրջանում»,- ընդգծեց տուրիստական գործակալության տնօրենը։
Ավետիսյանի խոսքով՝ դեպի Հունաստան փաթեթներ անցած տարի ավելի շատ են վաճառել, քան այս տարի, սակայն մեր զրուցակիցը դժվարացավ հստակ նշել՝ ինչո՞վ է դա պայմանավորված. «Միգուցե վիզայի հետ է կապված, հյուրանոցները մի փոքր թանկացրել են իրենց արժեքները և այլն։
Դեպի Իսպանիա մեկնել ցանկացողների թիվն էլ այս տարի նվազել է նախորդի համեմատ։ Եվրոպական ուղղություններից ավելի նախապատվելի են դարձել Իտալիան ու Չեխիան՝ գնային սանդղակով ավելի մատչելի են։ Հարցումներ են լինում Մոնտենեգրո, Կիպրոս գնալու վերաբերյալ։ Ունեցել ենք Բալի մեկնողներ և այլն»:
Հանգստացողների շրջանում հետաքրքիր տենդենց է նկատվում։ Վերջին տարիներին մեծացել է էկզոտիկ երկրների պահանջարկը, հատկապես՝ Շրի Լանկա։ Մասնագետի վստահեցմամբ՝ եթե ճիշտ ուսումնասիրվեն այդ էկզոտիկ երկրները, ապա հրաշալի տուրեր կարելի է կազմակերպել։
«Շատ հաճելի է, որ դուք առանձնացրիք ինձ համար այս պահին գերակա ուղղություններից մեկը՝ Շրի Լանկան։ Ինչո՞ւ չեն գնացել մինչ այս։ Որովհետև չեն իմացել, որ կարող են գնալ։ Երկրների հետ կապված ինֆորմացիայի պակաս կա։ Մեր ընկերությունն այս տարի ուսումնասիրել է Շրի Լանկան, ունենք էքսկլյուզիվ գործընկեր, ունեցել ենք խմբակային տուրեր։ Շրի Լանկան շատ հրաշալի հանգստավայր կարող է լինել։ Պարզապես Շրի Լանկայում all inclusive-ն այդքան ընդունված չէ։ Դե, էկզոտիկ երկիր է, ավելի շատ շեշտը դրվում է ակտիվ, էքսկուրսիոն ծրագրի վրա, ոչ թե սննդի»,- մանրամասնեց Մարինա Ավետիսյանը։
Վերջինիս խոսքով՝ աշխատավարձով ապրող քաղաքացու համար էկզոտիկ Շրի Լանկայում հանգստանալը այնքան էլ ճոխություն չէ և հասու է. «Էկզոտիկ երկրներից Շրի Լանկան ամենամատչելին է։ Օրինակ՝ համեմատելով նույն Թաիլանդի, Բալիի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, Մալայզիայի հետ՝ Շրի Լանկան բավական մատչելի է։ Շրի Լանկայում հանգստանալու համար մոտավորապես անհրաժեշտ է մեկ անձի համար 430 հազար դրամ՝ ավիատոմս, կեցություն և այլն»։
Տուրիստական գործակալության տնօրենը շեշտեց, որ փաթեթների թանկ լինելը հիմնականում կապված է ավիատոմսերի բարձր գների հետ, իսկ հյուրանոցները բոլոր երկրների համար, կարելի է ասել, նույն արժեքն ունեն։
Մեկ այլ՝ «ՌԻՄԱ ԹՐԱՎԵԼ» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ցանկալի երկրների ցուցակը և հանգստացողների քանակը։
«Եգիպտոսում բավական մատչելի է, քան մյուս երկրներում։ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են լինել Երուսաղեմում, Բեթղեհեմում, իսկ տարիներ առաջ մարդիկ անգամ չէին հիշում այդ քաղաքների մասին։ Այս տարի ավելի ակտիվ են Երուսաղեմ գնացողները»,- ասաց տուրիստականի տնօրենը։ Նրա խոսքով՝ մարդիկ եվրոպական երկրներ ավելի շատ են ցանկանում մեկնել, սակայն շենգենյան վիզա ստանալու համար փաստաթղթերը, քաշքշուկները շատ են. «Օրինակ՝ Ֆրանսիա մեկնելու համար փաստաթղթերի մեծ բազա պետք է հավաքել, ապա սպասել դեսպանատան պատասխանին՝ վիզա կտրամադրե՞ն, թե՞ ոչ»։
«Մարդիկ ունեն ընդամենը 20 օր կամ մեկ ամիս հանգստի համար, այդ ժամանակահատվածում իրենք պետք է հասցնեն փաստաթղթեր ձևակերպել, դեսպանատուն մտնել, և դեռ հարց է՝ վիզա կստանա՞ն, թե՞ ոչ։ Իսկ իմ նշած երկրներում առանց վիզայի նորմալ կարող են մեկնել և հանգստանալ։ Եգիպտոսում ծավափնյա հանգստի սիրահարների համար ամեն հնարավոր պայման կա, սնունդը all enqlusive է, չեն մտածում սննդի, մնացած առօրյա հոգսերի մասին, կտրվում են առօրյա հոգսերից ու լիարժեք հանգստացած հետ են գալիս»,- մանրամասնեց Ռիմա Խաչատրյանը։
Տուրիստական ընկերության ղեկավարը նաև շեշտեց, որ վերջին երկու տարում ներգնա տուրիզմը ևս որոշ չափով ակտիվացել է, մարդիկ նախընտրում են Հայաստանում հանգստանալ՝ չնայած երկրում բավական թանկ է։ «Տեսեք՝ կան քաղաքացիներ, ովքեր ունեն սոցփաթեթներ, որոնց մենք 6 տարի է՝ սպասարկում ենք, գնում են հանգստանալու՝ իրենց հետ վերցնելով ընկերների, բարեկամների, և այդպիսով հանգստացողների քանակի ավելացում է նկատվում։ Մենք ներկայումս բավականին շատ հանգստի մեկնելու ձևակերպումներ կատարում ենք հենց Հայաստանում։ Բայց եթե համեմատենք Եգիպտոսի հետ, բնականաբար թանկ է հանգիստը։ Մենք այստեղ չունենք նմանատիպ բարձրակարգ հյուրանոցներ, երեկոյան անիմացիաներ, շքեղ լողավազաններ։ Մեզ Եգիպտոսում, Անթալիայում ավելի մատչելի տարբերակներ են առաջարկում, քան Հայաստանի հյուրանոցներն են։ Այստեղ գները բարձր են, բայց պետք է ամեն ինչ անենք, որ տուրիզմը զարգացնենք Հայաստանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Խաչատրյանի խոսքով՝ օրինակ, այս պահին իրենց մոտ թեժ առաջարկ է գործում՝ դեպի Եգիպտոս 7-օրյա հանգիստը 250 դոլար՝ ներառյալ ավիատոմսը։ «Ունենք Դուբայում փաթեթներ՝ 500-600 դոլար։ Փաթեթների արժեքներն ընդհանրապես կախված են հյուրանոցների կատեգորիայից։ Եթե 3-աստղանի հյուրանոց են վերցնում, կարող են 500-550 դոլարով ամբողջական փաթեթը ձեռք բերել։ Ունենում ենք նաև ավելի մատչելի տարբերակներ, երբ թռիչքը Վրաստանից է լինում՝ 250-350 դոլար»,- ներկայացրեց գործակալության տնօրենը։
Որպես ոլորտի մասնագետ՝ Ռիմա Խաչատրյանը նշեց, որ այսօր տուրիստական ընկերությունները միասնական չեն աշխատում, մշտապես մրցակցության մեջ են, և, չունենալով ազգային փոխադրող ընկերություն, փաթեթների գները ավտոմատ բարձրանում են։ «Եթե մենք ուզում ենք զբոսաշրջություն զարգացնել, բոլոր տուրիստականները պետք է միասնական աշխատեն։ Եթե մենք դնում ենք թեկուզ մեկ չարթերային չվերթ, բոլոր տուրիստական գործակալությունները պետք է փորձեն այդ չվերթի վրա աշխատել, ոչ թե տոմսերը միայն իրենք վաճառեն, այլ մնացած տուրիստականներին էլ տան այդ տոմսերը, որպեսզի միասնական վաճառենք, և այս չվերթները միշտ իրականանան։ Հայաստանի տուրիստական գործակալությունները կազմակերպված չեն աշխատում։ Օրինակ՝ հիմա եթե «Մարաթուկ»-ը վերցնում է չարթերային չվերթ, այդ ինքնաթիռը չպետք է դատարկ թռչի, այլ պետք է տուրիստականներին հնարավորություն տրվի մատչելի տոմսեր վաճառել»,- իր խոսքն ամփոփեց «ՌԻՄԱ ԹՐԱՎԵԼ» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը։










































