ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ:
«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանում կենսաքիմիայի զարգացման երախտավորներից ակադեմիկոս Միսակ Դավթյանի մահվան մասին:
Տասնամյակներ շարունակ մոտիկից ճանաչել եմ բազմավաստակ գիտնականին, տեսել, թե իր տքնաջան աշխատանքին և խորը ու բազմակողմանի ուսումնասիրություններին զուգընթաց, ինչպիսի նվիրումով ձեռնամուխ էր եղել կենսաքիմիայի նոր գիտական դպրոցի հիմնադրման և կայացման գործին:
Միսակ Դավթյանը գիտության և կրթության մեծ կազմակերպիչ էր, ինչը լավագույնս դրսևորվեց Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարությունը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ղեկավարելու, ու նաև Երևանի պետական համալսարանում ծավալած բազմարդյուն գործունեության տարիներին:
Խորին ցավակցություն եմ հայտնում ակադեմիկոս Միսակ Դավթյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:









































