Չիլիում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ձախ ուժերի թեկնածու Միշել Բաչելետը: Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ ձայների 62.2 տոկոսը եղել է նրա օգտին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իշխող պահպանողական «Դաշինք հանուն Չիլիի» թեկնածու Էվելին Մատեին արդեն ճանաչել է իր պարտությունը: Վերջին տվյալներով՝ նա ստացել է ընտրողների 37.79 տոկոսի աջակցությունը:
Երկրի նախագահ Սեբաստիան Պինիերան հեռախոսով շնորհավորել է Միշել Բաչելետին հաղթանակի կապակցությամբ:
Բաչելետը, ով ներկայացնում է «Նոր մեծամասնություն» միավորված ձախ կոալիցիան, 2006-2010 թվականներին արդեն զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը: Մինչև վերջերս նա եղել է «ՄԱԿ կանայք» կառույցի գործադիր տնօրեն, սակայն որոշել է վերադառնալ մեծ քաղաքականություն:
Նա խոստանում է կրթական բարեփոխում իրականացնել՝ կրթությունը դարձնելով անվճար և ավելի որակյալ՝ կորպորատիվ հարկերի մեծացման հաշվին: Նրա ծրագրերի մեջ են մտնում նաև առողջապահական և կենսաթոշակային համակարգերի բարելավումները: Նա առաջարկում է բժշկական ցուցմունքներով թույլ տալ աբորտներ և հասարակությունում բաց քննարկումներ անցկացնել միասեռ ամուսնությունների թեմայով: