ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի խոսքով՝ անընդունելի են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու որոշ փորձերը: Այս մասին պաշտոնյան հայտարարեց Երևանում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ:
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է, այդ իսկ պատճառով գտնում ենք, որ անթույլատրելի են որոշ փորձերը՝ քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը՝ իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Նախարարի տեղակալը նկատեց, որ հատկապես վերջին տարիներին այդ առումով աչքի է ընկնում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակներում ընդունվում են քաղաքականացված հայտարարություններ ու հռչակագրեր:
«Այս մասին այսօր առիթ ունեցանք խոսելու անդամ երկրների ներկայացուցիչների հետ»,-տեղեկացրեց Կարեն Նազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նախագահությունը ՍԾՏՀԿ-ում:









































