Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին:
Հայաստանի արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի գրեթե տասնամյա արդյունավետ համագործակցությունը՝ արժևորելով գրասենյակի կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված այս բնագավառում Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի առաջնահերթությունները։
Մամի Միզուտորին բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը և փորձն աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ աշխատանքն այս բնագավառում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ խոշոր աղետների կանխարգելման, կառավարման և դիմագրավման հարցում կարևոր են միջազգային հանրության հավաքական ջանքերը և գործողությունները:











































