Վերջին շրջանում շատ է քննարկվում կանանց դերը հասարակության մեջ, կանանց դերը կառավարությունում:
«Վաղուց ապացուցված է, որ այն հասարակությունները, որտեղ կանայք ակտիվ դիրք են զբաղեցնում բոլոր ոլորտներում, շատ ավելի առողջ է, շատ ավելի ճկուն է և կենսունակ, և ինչ-որ տեղ շատ ավելի բարի է, քան այն հասարակությունները, որտեղ տղամարդն է ավելի գերիշխող դերում: Կանայք թե՛ քաղաքականություն, թե՛ հասարակական կյանք բերում են նրբերանգներ՝ կնոջը բնորոշ: Միայն այն, որ կինն ունի մայրության բնազդ, դա փակում է ցանկացած բաց: Եթե պատերազմական իրավիճակ է, և իշխանության օղակներում կին է ներգրավված, նա առաջին հերթին մտածում է մայրության բնազդով և ուզում է հնարավորինս իրավիճակը շտկել, որ խաղաղություն լինի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը:
«Տղամարդիկ այլ մտածելակերպ ունեն, այլ հորմոնային համակարգ, և երբ որ տեստոստերոնը իրենց դրդում է, կտրուկ են մոտենում հարցերին, բազմաթիվ դեպքեր կան, երբ դիվանագիտական շատ մեծ սկանդալներ կամ պրավալներ են եղել, քանի որ տղամարդիկ չեն կարողացել իրենց էմոցիաները զսպել: Այնտեղ, որտեղ կինը կժպտար ու կհարթեր սուր անկյունները, տղամարդիկ ավելի սրել են»,- նշեց հաղորդավարուհին:
Գ. Հայրապետյանի դիտարկմամբ՝ մեզանում երբեք հատուկ չի խրախուսվել կանանց մուտքը արական աշխարհ: Եվ դա եղել է քվոտավորված, այդպես է անգամ հիմա: «Պետք է ստեղծել այնպիսի բարենպաստ մթնոլորտ, որ կանայք իրենք գան, ոչ թե բերեն, բերածը երբեք չի կարող որևէ վճռորոշ դեր ունենալ»,- նշեց Գ. Հայրապետյանը՝ հավելելով, որ հիմա բավականին փոխվել է իրավիճակը, իրողություններ են փոխվել, և իսկապես կան կանայք, որոնք ունեն ասելիք, ունեն անելիք, և ունեն ներուժ այդ ամենն անելու:
Մանրամասն՝ տեսանյութում:











































