Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը համաձայնության են եկել կառավարության վերակազմավորման շուրջ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, իշխող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես հաղորդել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գեորգի Գաչեչիլաձեն՝ կողմերը պայմանավորվել են, որ երկրում կրճատվելու է նախարարների թիվը։
«Վերջնական պայմանավորվել են, որ 11 նախարարություն է մնալու, մի քանի նախարարություններ իրար են միանալու։ Այս փուլում միավորվելու են կրթությունը, մշակույթն ու սպորտը, միավորվելու են նաև փախստականների և հաշտության հարցերով նախարարությունները, շինարարության ամբողջ հատվածը, ամենը, ինչ կապված է արագացված զարգացման հետ, մտնելու են Ենթակառուցվածքի նախարարության մեջ»,–մանրամասնել է Գաչեչիլաձեն։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց։ Հրաժարականի պատճառը, ըստ ԶԼՄ–ների, կառավարության թիմի հետ նրա տարաձայնություններն էին։









































