Ֆրանսիայի ոստիկանությունն Ինտերպոլի և Եվրոպոլի հետ համագործակցությամբ հայտնաբերել է խոշոր հանցախումբ, որն ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 2000 գողություն: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ մոտ 60 վրացիներից կազմված խմբավորման հետքի վրա դուրս գալ հաջողվել է ֆրանսիացի և դանիացի իրավապահ մարմինների համատեղ օպերացիայի արդյունքում, որը սկսվել էր մոտ մեկ տարի առաջ: Այդ օպերացիայի ընթացքում մինչ օրս հաջողվել է ձերբակալել բանդայի 21 անդամի:
Ինչպես հայտնում է գործակալությունը, հանցախումբը կասկածվում է բնակարաններում և ամառանոցային քոթեջներում բազմաթիվ գողությունների կատարման մեջ: Քննիչների հաշվարկներով՝ չարագործներն օրական կատարել են մոտ 10 գողություն:
Խմբում գոյություն է ունեցել խիստ հիերարխիա՝ հիմնված յուրաքանչյուր մասնակցի կողմից իրականացվող հանցագործությունների թվի վրա: Յուրաքանչյուր գողությունից հետո մասնակիցները հատուկ դաջվածք են արել, որոնց թիվն էլ արդյունքում որոշել է նրանց կարգավիճակը:











































