Երկրապահ կամավորական միությունը որոշել է կասեցնել նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, հայտնի իրադարձությունների արդյունքում: ԵԿՄ գրասենյակում տեղի ունեցած հավաքը որոշել է նաև ժամանակավոր կառավարման պատասխանատվությունը դնել փոխնախագահների վրա, ժամանակավորապես կասեցնել կառույցի ֆինանսատնտեսական գործունեությունն ու պատրաստել արտահերթ համագումար հետագա ճակատագիրը որոշելու համար: Միևնույն ժամանակ, երկրապահները գեներալ Մանվելի պատմությունից հետո հայտարարում են, թե կառույցը չպետք է մնա նրա արարքների ստվերի տակ և պետք է պահպանվի, քանի որ այն ունի հազարավոր նվիրյալ անդամներ: Որևէ կասկած չկա հազարավոր նվիրյալ երկրապահների առումով: Միևնույն ժամանակ, կասկած չկա նաև, որ հազարավոր նվիրյալ երկրապահներ էլ երբեք առնչություն չեն ունեցել ԵԿՄ հետ:
Ըստ այդմ, խիստ հարաբերական է, թե ինքնին որպես կառույց ԵԿՄ-ն որքանով է արտահայտել, թեկուզ տեսականում, նվիրյալ ազատամարտիկների, կամավորականների հետպատերազմական սոցիալական շահերը: Ի վերջո, այս տարիների ընթացքում ստեղծվել են նաև «կոնտր» կազմակերպություններ, որոնք իշխանության մի թևի համար ծառայել են մյուս թևի դեմ: Այլ խոսքով, երկրապահի, կամավորականների հանգամանքը տարիներ շարունակ, անկախության կամ հրադադարից հետո ամբողջ ընթացքում եղել է քաղաքական, ներիշխանական շահարկումների և պայքարի գործիք: Ըստ այդմ, նվիրյալ երկրապահների առաջ ներկայումս ծառացած թիվ մեկ խնդիրը պետք է լինի հենց դա՝ ինչպես անել, որպեսզի երկրպահության, ազատամարտի, կամավորականության հանգամանքը դադարի լինել ներքաղաքական գործիք: Վերջին հաշվով, թեև նոր իշխանությունը հրապարակավ հայտարարել է այդպիսի մտադրությունից զերծ լինելու մասին, այդուհանդերձ կա մի իրողություն. ԵԿՄ տարբեր առաջատար դեմքեր, ազատամարտի մասնակից տարբեր այլ գործիչներ հայտնի են իրենց քաղաքական հավակնություններով, համակրանքներով, հակակրանքով:
Մեկը Սամվել Բաբայանի նվիրյալ է, թեկուզ ազնիվ ու անշահախնդիր նվիրյալ, մյուսը, թեկուզ դարձյալ անկեղծ ու անշահախնդիր, բայց Սեյրան Օհանյանի նվիրյալ է, երրորդը՝ «Սասնա ծռեր»-ի կամ Սեֆիլյանի, չորրորդը մեկ այլ հայտնի քաղաքական հավակնություն ունեցող առաջատարի:
Եվ որքան էլ նվիրյալությունն անկեղծ է և անմնացորդ, միևնույն է, որևէ «ինստիտուտով» արտահայտված լինելու դեպքում՝ անունը ԵԿՄ կլինի, Ազատամարտիկների դաշինք, թե այլ բան, ի վերջո այդ նվիրյալությունը, կամա թե ակամա, ինստիտուտը վերածում է քաղաքական շահին ծառայող գործիքի: Հետևաբար ակնառու է, որ խնդրի լուծումը պետք է սկսվի ինստիտուցիոնալ արմատական վերափոխումից, ամբողջ դաշտով, որպեսզի ինստիտուցիոնալ մակարդակով բացառվի այնպիսի իրավիճակ, երբ որևէ մեկը թեկուզ ազնիվ նվիրյալությամբ, բայց մի ամբողջ ինստիտուտ տանի որևէ քաղաքական ուժի կամ լիդերի մոտ ծառայության:
Հետևաբար, եթե չի դրվում ԵԿՄ և համանման կառույցների լիովին լուծարման հարց, ապա պետք է դրվի նախ ապառազմականացման հարցը՝ բացարձակ ապառազմականացման, և դրանից բացի՝ ոչ պակաս ապաքաղաքականացման հարցը: Եթե որևէ մեկը կհավակնի որևէ քաղաքական ուժի աջակցության, այդ ուժի համար աշխատանքի, ապա նա պետք է անհապաղ վայր դնի տվյալ կազմակերպությունում իր թեկուզ շարքային անդամությունը, սառեցնի կամ կասեցնի այն, անկախ ընտրական ցիկլից: Կամավորականությունը մեր հանրության ամենաթանկ և կարևոր հատկանիշներից մեկն է և այն անցնող քառորդ դարում չափազանց շատ է քաղաքականոտվել, այն էլ հայաստանյան քաղաքականությանը բնորոշ «որակներով»: Կամավորականությունը պետք է լիովին մաքրել քաղաքականությունից և վերականգնել որպես արժեք և հատկանիշ: Նվիրյալները չեն կարող այս պահին ու ապագայի համար ունենալ լուծելու այլ հարց:
Լուսանկարը՝ Photolure-ի








































