ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 12-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել դաշնային բյուջեի երկարաժամկետ նախագծին: Այն նախատեսված է երկու տարվա համար՝ հայտնում է Reuters գործակալությունը: Նախագծին հավանություն են տվել 332 անդամներ, մինչդեռ 94-ը դեմ են արտահայտվել:
Փաստաթուղթն աջակցություն ստանալով խորհրդարանի ստորին պալատում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, կուղարկվի Սենատի դիտարկմանը, որտեղ իշխում են Օբամայի դաշնակիցները Դեմոկրատական կուսակցությունից:
Նախագիծը նախատեսում է 23 մլրդ դոլարով բյուջեի դեֆիցիտի կրճատում, ընդ որում՝ սեկվեստրից խուսափելով (ծախսերի հարկադիր կրճատում), որին դեմ է հանդես եկել Սպիտակ տունը:
Այն մասին, որ հանրապետականներին ու դեմոկրատներին հաջողվել է համաձայնեցնել մինչև 2015-ի հոկտեմբերի 1-ը ժամկետով բյուջեի նախագիծը, հայտնի էր դարձել դեկտեմբերի 10-ին: Փաստաթուղթը պետք է փոխարինի մինչև 2014-ի հունվարի 15-ը ժամկետով փոխզիջումային բյուջետային համաձայնագրին:
Կարճաժամկետ բյուջետային համաձայնագիրը Կոնգրեսում հավանության էր արժանացել 2013-ի հոկտեմբերի 16-ին՝ բյուջետային ճգնաժամի ֆոնին:











































