Աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին, ով հանդիսանում է Ամերիկայի Միացյալ նահանգների արտաքին քաղաքականության ստրատեգներից մեկը, եթե ոչ առաջինը, կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը բավական թույլ է և զուրկ ռեսուրսներից` կայսրությունը վերականգնելու համար: Մեծ քաղաքագետի հետ հնարավոր չէ չհամաձայնել: Ռուսաստանի տկարության տեսակետը առկա է նաև Հայաստանում, սակայն արդյո՞ք ամեն ինչ միանշանակ է:
Ռուսաստանն իսկապես թույլ է և զուրկ ռեսուրսներից, և նույնիսկ կարելի է ասել երևի թե, որ հենց այդ թուլությունն է Կրեմլին մղում վերականգնել կայսրությունը: Բանն այն է, որ Պուտինը կայսրությունը դիտարկում է որպես թուլությունը սքողելու, ծածկելու, քողարկելու միջոց: Իհարկե, Ռուսաստանի ներկայիս խնդիրների պարագայում դա նույնիսկ անմտություն է, որովհետև այնպիսի խնդիրներով, որ ունի Ռուսաստանը, կայսրություն չեն ստեղծում: Ավելին` այդ խնդիրներով կայսրությունները կործանվում են:
Եթե ընդհանուր բնորոշենք այդ իրավիճակը, ապա խոսքը սեփական քաղաքացիների համար պետության գրավչության բացակայության մասին է: Ռուսաստանը գրավիչ չէ Ռուսաստանի քաղաքացիների համար, Ռուսաստանը չի կարող գրավիչ լինել որևէ այլ հանրության համար, քանի որ չունի ոչ մի արժեք և գաղափար, որը պրակտիկորեն հնարավոր է դնել զարգացման որևէ ծրագրի հիմքում, և առաջ մղել այդ ծրագիրը: Ռուսաստանը կարող է գրավիչ լինել միայն օրվա հացի խնդիր ունեցող ներգաղթյալների համար, որոնք իրականում ինքնին բեռ են յուրաքանչյուր կայսրության համար և չեն կարող հանդիսանալ կայսրության ցեմենտ: Սակայն Մոսկվան չունի նաև այլ տարբերակ, քան սեփական թուլությունից փախչել կայսրության վերականգնման ճանապարհով:
Մյուս ճանապարհը ժողովրդավարական, ազատ պետության ճանապարհն է, որը սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների պատճառով այնքան էլ իրատեսական չէ: Այդ պատճառներն են կայսերական ժողովուրդների՝ հատկապես պատմական անհաջողություն ապրող կայսերական ժողովուրդների հոգեբանական բարդույթները, երբ նրանք կյանքը չեն պատկերացնում առանց նման հավակնությունների և հաճախ իրենք իրենց հաշիվ չեն տալիս հավակնությունների և ռեսուրսների համադրության մասով, ինչպես նաև համապատասխան մտածողության, կրթական միջավայրի, հանրային մշակույթի և էլիտաների որակների բացակայությունը:
Սակայն, եթե Ռուսաստանը չունի կայսրությունը վերականգնելու ռեսուրսներ, դա ամենևին չի նշանակում, որ նրա այդ հավակնությունները վտանգ չեն ներկայացնում: Վտանգ չեն ներկայացնում հզոր տերությունների համար, սակայն այնպիսին, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, որը ռուսական կայսերականության անմիջական թիրախներից մեկն է, չեն կարող մխիթարվել նրանով, որ Ռուսաստանը ռեսուրս չունի: Կայսրություն վերականգնելու ռեսուրս չունի, սակայն կարող է ստանալ մի յուրօրինակ «ֆրանկենշտեյն»՝ անկենդան մարմիններից հավաքված մի հիբրիդ հրեշ, որը կհասցնի շատ բան ավերել իր անմիջական շրջապատում: Կայսրությունը կրկին կփլվի, բայց այդ ընթացքում հասցնելով խժռել նորանոր զոհերի կամ ավելի ճիշտ՝ հին-նոր զոհերին, ինչպիսին Հայաստանը:
Հետևաբար` Ռուսաստանի ռեսուրսների բացակայությունը խնդրի լուծման նախադրյալ է Հայաստանի նման պետությունների և հասարակությունների համար, սակայն բոլորովին լուծում չէ: Ավելին` միգուցե պարադոքսալ թվա, սակայն կայսրության ռեսուրսներ ունեցող Ռուսաստանը միգուցե և պակաս վտանգավոր լիներ Հայաստանի համար, քան այդ ռեսուրսներից զուրկ հավակնություններով սուբյեկտը: Ռեսուրսների առկայությունը Ռուսաստանը կդարձներ կանխատեսելի կամ ավելի կանխատեսելի, և հետևաբար` առավել դյուրին կլիներ կազմակերպել այդ կանխատեսելի սուբյեկտի կայսերական հավակնությունների դեմ անհրաժեշտ դիմադրությունը՝ Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը պահելու համար: Երբ բացակայում են ռեսուրսները, երբ հավակնությունների և ռեսուրսների համամասնությունը խախտված է, այդ սուբյեկտը դառնում է առավել քան անկանխատեսելի, գրեթե վիրավոր գազանի նման: Եվ այստեղ արդեն այդ բացակայությունը ոչ թե հանգստացնող գործոն պետք է լինի, թե լավ, միևնույն է` ռուսների մոտ ոչինչ չի ստացվի, այլ պետք է լինի էլ ավելի զգոնության մղող հանգամանք:
Խնդրի լուծումը կայսերական հավակնությունների դեմ արդյունավետ դիմադրության կազմակերպումն է: Ի վերջո, եթե Հայաստանը չի դիմադրում, Ռուսաստանը կարող է առնվազն Հայաստանի մասով իր կայսերական հավակնությունները բավարարել նաև սուղ ռեսուրսների պայմաններում: Դա կարող է կարճ տևել, բայց, միևնույն է, թեկուզ անհաջող, խարխուլ կայսրության մեջ վերստին հայտնվելուց հետո, դրանից դուրս մնալը, այսպես թե այնպես, կրկին ցավոտ է լինելու` էլ չասած հնարավոր արյունոտ լինելու մասին:
Բանն ամենևին Ռուսաստանից սարսափելը չէ: Վտանգի գիտակցումը և լիարժեք գնահատումը սարսափի հոմանիշ չէ: Պարզապես մեզ համար գլխավոր, առանցքային խնդիրը ոչ թե այն է, թե կայսրության վերականգնման ինչ ռեսուրսներ ունի կամ չունի Ռուսաստանը՝ որովհետև Ռուսաստանը ռեսուրս չունի, բայց ունի վերականգնման մեծ ցանկություն և ինքն իր ռեսուրսների բացակայության հետ հաշվի չի նստում, այլ այն, թե արդյոք ինչպիսին են այս պայմաններում դիմադրության Հայաստանի ռեսուրսները և բավարա՞ր են արդյոք դրանք ռեսուրս չունեցող Ռուսաստանի հավակնությունները զսպելու համար:









































