Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա անդրադարձավ նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Երևան կատարած այցին և նշեց հետևյալը. «Հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը հստակ է և փոփոխության չի ենթարկվել առ այն, որ անթույլատրելի է Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակումը: Երբ նրանք պատրաստ կլինեն առանց նախապայմանների խոսել Հայաստանի հետ, դա արդեն այլ հարց է: Ինչպես նախկինում, այսօր ևս՝ գնդակը Թուրքիայի դաշտում է, լավ կլիներ, որ նրանք կատարեն այն քայլերը, որ սպասում է միջազգային հանրությունը: Չեմ կարծում, թե Ահմեդ Դավութօղլուի այցից հետո որևէ փոփոխություն կլինի, քանի որ մինչ Հայաստան այցելելը պաշտոնական Անկարան այլ բան էր հայտարարում: Ըստ էության, հայկական կողմի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»:
Հարցին՝ եթե Մաքսային միությանն անդամագրվելու «ճանապարհային քարտեզը» պատրաստ է, ինչո՞ւ այն չի հրապարկվում, ընդդիմադիրներն էլ այդ հանգամանքը քննադատում են, Շարմազանովը պատասխանեց. «Ընդդիմադիրների բան ու գործը պետք է քննադատելը լինի, շատ ավելի շահեկան կլինի, որ հիմնավորված լինի այդ քննադատությունը: Երբ «ճանապարհային քարտեզը» հաստատվի, դրանից հետո Ազգային ժողովը կքննարկի բոլոր այն նախագծերը որ կապված են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Հենց այդ ժամանակ էլ ընդդիմադիրներն իրենց տեսակետները կներկայացնեն: Ասեմ՝ դա արվում է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր ժողովրդավարական երկրներում»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































