2013թ. դեկտեմբերի 12-ին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրապատկան տարածքները պետք է օտարվեն Ադրբեջանին:
Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող հայտնի զարգացումների պատճառով Թուրքիան փորձում է վերականգնել իր խաթարված դիրքերը:
Ակնհայտ է նաև, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նմանակման շղարշի ներքո առաջ մղել ադրբեջանական շահերը:
Մասնավորապես՝ Թուրքիան աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում, շարունակում է փորձել ճնշում բանեցնել ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ:
Մենք՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակիչներս, գիտակցում ենք այս ամենի հետևանքները: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության իրական և միակ երաշխավորը հայ ժողովուրդն է և նրա զինված ուժերը: Որևէ այլ պետության կողմից որևէ հավաստիացում՝ մեր անվտանգությունը երաշխավորելու մասին, մեզ համար որևէ արժեք չի կարող ունենալ:
«Ժառանգություն» կուսակցության Կապանի ստորաբաժանումը հայտարարում է`
Հայաստանի և հայ ժողովրդի շահը կարող են արտահայտել միայն ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, իսկ Արցախի սահմանադրապատկան տարածքների վերաբերյալ ցանկացած սակարկություն, բանակցություններ և գործարքներ՝ վտանգում են մեր երկրի ապագան, ուստի՝ հայ ժողովրդի համար մերժելի են:











































