ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին վրդովեցրել են պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի արտահայտած որոշ մտքեր, մասնավորապես՝ Դաշնակցության հասցեին արված մի արտահայտություն:
«Պարոն Երիցյանը խոսում էր այն մասին, որ պարզ է՝ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որը կողմնակից է ողջ տնտեսությունն ազգայնացնելուն, ազգային դարձնելուն: Մենք շարունակ խոսում ենք պետության հեղինակության, պետականության, պետական ինստիտուտների մասին: Սրանք միայն աբստրակտ վերացական հասկացողություններ չեն, պետությունը նաև կոնկրետ մարդիկ են, պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են, այդ թվում՝ ԿԲ նախագահի տեղակալ, նախկին նախարար պարոն Երիցյանը»,- ասաց նա:
Վարդանյանը հավելեց, որ եթե այս պաշտոնները զբաղեցնող մարդը տեղյակ չէ Հայաստանում գործող հիմնական կուսակցություններից մեկի տնտեսական քաղաքականության դրույթներին, տնտեսական գաղափարախոսությանը, ապա դա ինքնին արդեն պետականության վարկաբեկում է, պետական ինստիտուտների իջեցում: Ըստ պատգամավորի՝ մարդը, ով զբաղեցրել և զբաղեցնում է նման բարձր պաշտոն, ուղղակի պարտավոր է տարրական գրագիտություն ունենալ և տիրապետել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությանը:







































