Ազգային ժողովում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումները թեժ են: Դեկտեմբերի 11-ին ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նախագիծը բաժանել երկու մասի՝ խոսելով ըստ էության: «Մենք հիմա խոսում ենք, որ ձկնարդյունաբերությունում կունենանք գնաճ կամ ինչ ազդեցություն կունենանք, բայց, ինչպես ես հասկացա, կառավարության խնդիրն այլ հարցի է վերաբերում՝ ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանման խնդրին: Եթե մենք ասում ենք, որ ռեսուրսավճարը, այն արտոնությունը, որ ժամանակին կառավարությունը տվել է, հանում ենք, ապա ի՞նչ ազդեցություն կունենա այն: Բայց դա ի՞նչ կապ ունի պաշարների հետ: Եթե գործարարը չվճարի բարձրացված գները, կշարունակի օգտագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները, ու մենք ի՞նչ կշահենք: Մեր խնդիրն է՝ ստորգետնյա ջրային ռեսուրները պահպանել»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց, որ իրենք նախօրեին Արամ Հարությունյանի հետ հարցը քննարկել են, դրանց մասնակցել է նաև Այվազյան Վարդանը, և խնդիրը ընդունվել է այլ հարթությունում: Նա նշեց, որ անգամ չի էլ ուզում անդրադառնալ, թե ինչո՞ւ են այդքան թույլտվություններ տրամադրել պաշարների օգտագործմանը, քանի որ ժամանակին գիտեին՝ որքան է իրենց հնարավորությունը: Հիմա այդ 1.6 մլդ-ի մեջ ինչքա՞ն է ապօրինի օգտագործվում: «Դա պետք է գույքագրենք, հասկանանք՝ որքանը կարող ենք փակել, թույլ չտալ, որ հետագայում հասկանանք՝ ի՞նչ հարց ենք լուծում: Բերեք օրենքով սահմանափակենք, այսուհետ թույլ չտանք: Իմ կարծիքով՝ սա չպետք է կապել, թե ձկնարդյունաբերության վրա ինչ բացասական ազդեցություն կունենա»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ընդունել նախագիծը, բայց հորդորել ապագայում ներկայացնել համալիր ծրագիր, թե ինչպես է հարցը լուծվելու: Սա, ըստ ԱԺ նախագահի, ուղղակի ճիշտ կլինի: Նա հորդորեց կողմ քվեարկել նախագծին, բայց առաջարկել, որ համալիր ծրագիր ներկայացվի Ազգային ժողով:







































