«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
– Պարոն Ուրիխանյան, ինչո՞ւ ԲՀԿ-ն անցած քառօրյային չմիացավ ՀԱԿ-ի ներկայացրած «Համատարած և համակարգված կոռուպցիա» վերնագրով հարցապնդման քվեարկությանը և կողմ չքվեարկեց այդ նախաձեռնությանը:
– Մամուլում մի քանի տեղ գրվեց, որ ԲՀԿ-ն չմիացավ: Ի՞նչ միանալ-չմիանալու խնդիր է, այդպիսի խնդիր դրված չի եղել:
– Եթե կողմ չեք քվեարկել, դա չի՞ նշանակում, որ չեք միացել նախաձեռնությանը:
– Մենք բարոյապես միացել ենք: Մենք ասացինք, որ ընդունում ենք բովանդակությունը, բայց կան որոշ ձևակերպումներ, տակտիկական մոտեցում, աննպատակահարմարություն կա, որովհետև` չէ՞ որ ինչպես յուրաքանչյուր կուսակցություն, այդպես էլ ԲՀԿ-ն ունի իր առանձին մարտավարությունն ու ռազմավարությունը: Երկրում առկա խնդիրների լուծման դեպքում մենք մեր մոտեցումներն ունենք, գտնում ենք, որ այդպես ավելի բարեհաջող է ստացվելու: Վերջին հաշվով, մենք կարողանալու ենք քաղաքացու կյանքը փոխել: Դրան տանող մեր մարտավարությունն ունենք և մեր ռազմավարությունն ենք պատկերացնում: Երբ ընդհանուր համատեքստում շատ ընդհանրացված մի խճանկարի նկատմամբ համադրելի գնահատական կա, դա չի նշանակում, որ մենք առանձին յուրաքանչյուր ֆրագմենտի հետ համաձայն ենք: Այսպիսի պատճառներով պարբերաբար մենք մեր գործընկերների հետ առանձին-առանձին գործողություններ ենք իրականացնում: Իսկ այս դեպքում միանալ-չմիանալու խնդիր չկա:
– Բայց եթե դուք իսկապես կողմ էիք այդ նախաձեռնությանը, պետք է դա նաև գործողությամբ, տվյալ դեպքում քվեարկությամբ ապացուցեիք:
– Ասացի, որ ընդհանուր առմամբ ունենալով համանման գնահատական որևէ խճանկարի նկատմամբ՝ առանձին ֆրագմենտների վերաբերյալ մենք ունենք մեր մարտավարությունն ու ռազմավարությունը:
– Բայց սա այն խնդի՞րն է, որ դուք «առանձին ֆրագմենտների» մասին խոսեք: Չէ՞ որ խոսքը վերաբերում է համակարգված և համատարած կոռուպցիային:
– Մենք էլ ենք նույնը ասում, և այդ խճանկարի նկատմամբ ունենք համանման տեսակետ:
– Կասե՞ք, թե այդ ինչ «առանձին ֆրագմենտների» մասին է խոսքը, որոնց պատճառով ԲՀԿ-ն կողմ չքվեարկեց ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թեև այդ հարցի հետ կապված նրանց հետ ունեիք համանման տեսակետ:
– Ո՛չ, այդ դեպքում ես պիտի ստիպված լինեմ բացահայտել մեր մարտավարությունը: Եվ ովքեր ամեն կերպ փորձում են խանգարել ԲՀԿ-ի գործունեությունը, ապահովել բազմաթիվ փշեր մեր առանց այդ էլ նեղ, դժվարին, մութ, խուճուճ ճանապարհին, էլ ավելի կհեշտացնեն իրենց գործը: Ես չեմ ուզում իրենց ջրաղացին դրանով ջուր լցնել, մի քիչ ավելի պարզեցնել այն, ինչը չի կարելի պարզեցնել: Շատերի համար հասկանալի է, որ երբ ՀՀ քաղաքացիների շահից բխելով՝ հարկադրված կատարում ենք այս կամ այն քայլը, դրա դիմաց ստանում ենք հազարավոր հարվածներ, ինչի արդյունքում մեր իսկ գործունեությունը հագենում է բազմաթիվ խնդիրներով: Իսկ քաղաքացու շահից չի բխում այն, որ իր պատվերը գոնե Ազգային ժողովում կատարող կուսակցությունն իր գործունեության մեջ խնդիրներ ունենա:
– Ցանկացած քաղաքացու շահերից է բխում ցանկացած ճանապարհով կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը: Բայց դուք ձեր այդ քայլով նահանջեցիք այդ պայքարից: Դուք հայտարարություններով եք ասում, թե պայքարում եք, բայց երբ բանը հասավ կոնկրետ քայլ անելուն, նահանջեցիք:
– Ես հասկանում եմ, որ ձեր լրատվամիջոցը խնդիր ունի հանրությանը ներկայացնելու իր համար ցանկալի լույսի ներքո…
– Ձեր այդ քայլի մասին բարձրաձայնեցին շատ այլ լրատվամիջոցներ ևս:
– Այն, ինչ մենք անում ենք, անում ենք էապես՝ պատճառները առաջացնող նախադրյալների ուղղությամբ, հիմքերի հետ աշխատելով: Այսինքն՝ արմատից խնդիրը բռնելով: Եվ հիմա մատնանշելով այս դեպքը՝ դուք ուզում եք, որ ես մեր գործընկերների գործողությունները որակեմ որպես ոչ արդյունավետ…
– Պարոն Ուրիխանյան, հարցը ԲՀԿ-ի գործողությունների և ոչ թե գործընկերների մասին է:
– Հակառակ դեպքում կենթարկվեմ ձեր մեղադրանքներին, թե մենք արդյունավետ գործողությունների դեպքում քայլ չենք կատարում: Ոչ՝ մեկը, ոչ՝ մյուսը: Նորից եմ կրկնում որքանով էլ, որ ձեր համար ցանկալի լույսը փռեք տեղի ունեցածի վրա, իրողությունը մնում է մեկը՝ ընդհանուր գնահատականները համադրելի են, բայց մեր մարտավարությունն այլ բան է պատկերացնում: Պատկերացնում է երկրում իրավիճակ փոխել, և դա միշտ չէ, որ կարելի է անել այս մի կոնկրետ տարբերակով:
– Մամուլում հրապարակում կար, թե ԲՀԿ-ն քվեարկությամբ չմիացավ ՀԱԿ-ի այդ նախաձեռնությանը, քանի որ տեքստում կային նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունները: Եվ որ ԲՀԿ մի շարք պատգամավորներ, այդ թվում և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թե իրավական, թե հարկային-մաքսային ոլորտներում խնդիրներ ունեն: Եվ ՀԱԿ-ի նախաձեռնությանը կողմ չքվեարկեցին, քանի որ չէին ցանկանում այդ երկու ոլորտների կողմից իրենց վրա ուշադրություն գրավել:
– Դա չի համապատասխանում իրականությանը, և դրա համար անհրաժեշտ է ոչ թե ինձ լսել, այլ պարզապես վերջին մի քանի նախագծերի, օրենքների քննարկումների ժամանակ մեր քննադատությունը, քվեարկությունները և օրենսդրական նախաձեռնությունները վերհիշել նույն ձեր իսկ կողմից մատնանշված ոլորտների, դրանց ղեկավարների, իրենց գործողությունների ու նախաձեռնությունների առնչությամբ: Վերհիշեք մեր վերջին մոտ 20 օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ուղղված էին հենց այդ ոլորտների կարգավորմանն ու խնդիրների բացահայտմանը: Վերհիշեք ձեր կողմից նշված մի քանի և բազմաթիվ այլ կառույցներում տեղի ունեցածի վերաբերյալ նյութերը դատախազություն ուղարկելու մասին Վերահսկիչ պալատի նախագահին ուղղված իմ հորդորը: Պատասխանն ակնհայտ է: Մենք մի ամբողջ տարի կամ նստաշրջան տանում ենք հստակ քաղաքականություն, հետո ինչ-որ մի պահի որևէ մի գործընկեր որևէ նախաձեռնությամբ է հանդես գալիս, մենք շարունակելով մեր կուրսը, համաձայնելով՝ առանձին գործողություն ենք իրականացնում: Եվ նրանք, ում անհրաժեշտ է ցույց տալ տարաձայնություն, փորձում են դա գտնել:
– Այդ ի՞նչ մարտավարական գաղտնիք էր, որ թույլ չտվեց կողմ քվեարկել այդ նախաձեռնությանը: Հատկապես, եթե կողմ քվեարկեիք, այն չէր անցնի, քանի որ կոալիցիոն խմբակցությունները գրեթե միշտ դեմ են քվեարկում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծերին:
– Դուք հիմա խոսում եք այն մասին, որ ցանկացած պարագայում ԲՀԿ-ի գործողությունն այդ դեպքում անիմա՞ստ էր լինելու:
– Ո՛չ: Դա պարզապես ձեր կողմից ոչ միայն գործընկերներին աջակցող, այլև ձեր իսկ հայտարարություններից բխող քայլ կլիներ:
– Այդ քվեարկությունն ապացուցեց այն, ինչ քիչ առաջ ասացիք, բայց ես դա չեմ հնչեցնելու, որովհետև դուք նպատակ ունեք մեր գործընկերների ջրաղացներին իմ շուրթերով հակառակ ջուր լցնել, ինչը ես չեմ անի:
– Բոլորովին ոչ: Եթե դուք ասեք, թե ինչու քվեարկությամբ չաջակցեցիք ՀԱԿ-ին, դա ի վնաս այդ ուժի կլինի՞:
– Պիտի խոստովանեմ, որ դուք ինձանից ի վերջո քաշեցիք ձեր ուզածը: Քաղաքական մեծամասնության, քաղաքական մենաշնորհի բացարձակ գոյության և գործունեության, ներազդեցության բոլոր գործընթացների պարագայում, այո, հարկադրված ենք ընտրել յուրահատուկ մարտավարություն, որը բացահայտվելու է միմիայն առանձնապես նվիրյալների համար:
– Դուք ասում եք, որ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով մոտ 20 օրինագծեր եք ներկայացրել: Այդ նախագծերը ներկայացնելիս վստա՞հ եք եղել, որ կոալիցիոն մեծամասնությունը դրանց դեմ կքվեարկի, և դրանք չեն ընդունվի:
– ԱԺ-ում ներկայացված են 131 պատգամավորներ, և մենք միշտ հավատացել ենք, որ նրանց մեջ որևէ քվորումի համապատասխան ձայների մեծամասնություն կհայտնվի, որոնք, ի վերջո, երկրին ու ժողովրդին նպաստող որոշումներ կկայացնեն:
– Այդ դեպքում ինչո՞ւ այդ նույն հավատը չունեիք ՀԱԿ-ի այդ նախաձեռնության դեպքում: Միգուցե այդ նույն տրամաբանությամբ մեծամասնության մեջ կլինեին պատգամավորներ, որոնք կմիանային կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված այդ նախաձեռնությանը, ու նաև ձեր աջակցության արդյունքում այն կընդունվեր:
– Այն պարագայում, երբ երկիրը քանդող, մարդկանց երկրից վտարող, իրենց այլանդակություններ թույլ տվող մարդկանց, պաշտոնյաների ու երևույթների պարագայում, դրանց տեսանելիության ժամանակ դուք թողում եք դրանց բոլորին ու նման հարցեր եք տալիս նրան, ով բոլորի աչքի առաջ…
– Եթե հիմա Ձեզ հետ եմ հարցազրույց վարում և Ձեզ այդ հարցերն եմ տալիս, դա չի նշանակում, որ չեմ անդրադառնում այդ և շատ այլ խնդիրներին ու դրանց հետ կապված հարցադրումներ չեմ ուղղում պատկան մարմիններին, ինչը դուք չեք նշում: Դուք ճիշտ չեք ասում կամ խեղաթյուրում եք իրականությունը:
– Խնդրում եմ այդ արտահայտությունն ինձ չանել: Որպես իրավաբան ես շատ լավ գիտեմ, թե ինչ խոսել և ինչպես խոսել՝ որպես լեզվաբան: Այս պահին դուք նրանց թողած, այդ հարցերը տալիս եք նրան, ով բոլորի աչքի առաջ առավել քան մնացած բոլորը պայքարում է հենց այդ երևույթների դեմ: Դա խոսում է այն մասին, որ դուք խնդիր ունեք խաթարելու մեր մարտավարությունը:








































