«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այս օրերին բնապահպանության նախարարությունը խոշորամասշտաբ ստուգումներ է սկսել Արարատի մարզի ձկնաբուծարաններում, և մտադիր է փակել ապօրինի ձկնաբուծարանները կամ ձկնաբուծարանների անօրինականորեն աշխատող հորերը:
Հայտնի է, որ Արարատի մարզում հսկայական ձկնաբուծարաններ ունեն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա խնամին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Տիգրան Բարսեղյանը և շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մամուլի հրապարակումների համաձայն՝ այդ պաշտոնյաներին պատկանող ձկնաբուծարանների հորերի մեծ մասը ապօրինի են:
Նույն հրապարակումների համաձայն Հ.Աբրահամյանին ու Գ.Ծառուկյանին է պատկանում այդ մարզում գտնվող «Էկո Ֆիշ» ընկերությունը, Հ.Աբրահամյանին է պատկանում նաև «Մխչյան Ֆիշ» ընկերությունը: Ս.Ալեքսանյանին է պատկանում «Ալեքս Գրիգ» ընկերությունը:
Այս պաշտոնյաների լայնածավալ գործունեության արդյունքում մարզում, ջրային ռեսուրսների հետ կապված, առաջացել է ծայրահեղ վիճակ: Այդ ձկնաբուծարանները հսկայական հորատանցքերով ընդերքից ահռելի քանակությամբ ջուր են արտամղում դեպի ձկնաբուծական ավազաններ, ու այդպիսով շրջակայքի հողերը ցամաքում և անապատի են վերածվում, դրանք երբեմն նաև ճահճանում են: Պատկան մարմինները մինչև այժմ չեն կարողանում կանոնակարգել և պահանջվող նորմերին համապատասխանեցնել այդ ձկնաբուծարանների ջրօգտագործումը, քանի որ անզոր են դրանց սեփականատերեր Հ.Աբրահամյանի, Գ.Ծառուկյանի, Ս.Ալեքսանյանի ու շատ այլ օլիգարխների դեմ: Կարծիք կա, որ եթե նշված սեփականատերերը ոչ թե հաճախ ապօրինաբար ու անխղճաբար, այլ պահանջվող նորմերին համապատասխան օգտագործեին ջրային ռեսուրսները, նման մեծ աղետ չէր առաջանա:
Իսկ այդ վիճակն այսօր այնքան աղետալի է, որ դրա մասին բնապահպանական կազմակերպություններից զատ սկսել են բարձրաձայնել նաև ոլորտի պաշտոնյաներն ու նրանց ազդեցության տակ գտնվող փորձագետները: Կարծիք կա, որ հիմա թեև շատ ուշ է այդ ապօրինությունների ու դրանց հետևանքների դեմ պայքարելը, բայց դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել:
Արարատի մարզում ջրային ռեսուրսների այդ վիճակը մտահոգել է անգամ Սերժ Սարգսյանին, և նա անձամբ է հրահանգել փակել ապօրինի գործող ձկնաբուծական հորերը:
Ընդ որում՝ այդ ձկնաբուծարաններում ապօրինի են ոչ միայն հորերը, այլև ապրանքաշրջանառությունը: Դրանց ձկնարտադրությունն ու դրա իրացումը մեծ մասամբ ստվերում է՝ հարկային դաշտից դուրս: Այսինքն՝ այս պաշտոնյաներն իրենց գործունեությամբ ոչ միայն աղետի գոտու են վերածում Արարատի մարզը, այլև հսկայական հարկեր են թաքցնում պետությունից:
Իհարկե, չի բացառվում, որ ձկնաբուծական ապօրինի հորերը զանգվածաբար փակելը բնապահպանական նկատառումներից զատ ունի նաև քաղաքական նպատակներ. այս փուլում իշխանությունները գուցե փորձում են բիզնեսի վերաբաժանում կատարել: Եվ այդպիսով իշխանությունները ցանկանում են պատժել քաղաքական դաշտում կամ կուլիսներում երբեմն ըմբոստացող, իրենց դեմ դավեր նյութող գործիչներին՝ նրանցից խլելով բիզնեսը կամ ընդհանրապես փակելով դրանք:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ստուգումների, ապօրինի հորերը հայտնաբերելու և փակելու նպատակով նախ այս պաշտոնյաներին պատկանող ձկնաբուծարաններ են գործուղվել բնապահպանության նախարարության շարքային աշխատողները: Ձկնաբուծարաններում, սակայն, աշխատակիցներն այդ ստուգողներին նույնիսկ չեն թողել տարածք մտնել՝ ասելով՝ «չգիտե՞ք, թե դրանց տերերն ովքեր են»:
Այնուհետև բնապահպանության նախարարությունն այդ պաշտոնյաների ձկնաբուծարաններն է ուղարկել Արարատի բնապահպանական տեսչության պետ Վահրամ Սարգսյանին, որը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրն է: Ձկնաբուծարանների տերերը փորձել են նաև Վ.Սարգսյանի հետ լուծել իրենց հարցերը: Սակայն նա այդ օբյեկտների աշխատակիցներին ու դրանց սեփականատերերին տեղեկացրել է, թե ինքն այլևս ոչինչ չի կարող անել, քանի որ այդ ստուգումներն ու ապօրինի հորերի փակումը Ս.Սարգսյանի կարգադրությունն է:
Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը ժամանակին բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել Հ.Աբրահամյանի հետ, ավելի շուտ՝ գտնվել է նրա ազդեցության տակ: Եվ հենց դա էր պատճառը, որ 2011թ. Ս.Սարգսյանն այդ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ արեց գրեթե նույն ժամանակ:
Դժվար է ասել, թե ապօրինի ձկնաբուծության կամ վերը նշված պաշտոնյաների ապօրինի գործունեությանն առնչվող այս ստուգումներն ինչի կհանգեցնեն, սակայն փաստ է, որ դրանց գործունեության արդյունքում Արարատի մարզը կանգնել է ջրային լրջագույն խնդիրների առաջ: Այս համատեքստում հետաքրքիր կլինի նաև հիշել Հ.Աբրահամյանի՝ անցած տարի գրած գիրքը, որն այսպես էր վերնագրված՝ «Ջրային ռեսուրսների օգտագործման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում»: «Գրքում ընդգրկված են մարդու տնտեսական գործունեության, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխությունների ազդեցության հետևանքով ՀՀ առանձին խոշոր գետավազաններում ջրային ռեսուրսների փոփոխությունների գնահատման մեթոդները»,- նշված է այդ գրքում:
Այդպիսով, թվում է, թե Հ.Աբրահամյանը լրջորեն գիտակցում է Արարատի մարզում առաջացած ջրային խնդիրների հետևանքները, սակայն ԱԺ նախագահի ու իր խնամի Գ.Ծառուկյանի, ինչպես նաև Ս.Ալեքսանյանի ու մյուս խոշոր ձկնարտադրողների գործունեության արդյունքում այդ տարածքը վերածվելու է աղետի գոտու:











































