Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետ Գուստավո Պետրոյին հեռացրել են պաշտոնից՝ մասնավոր ընկերություններից աղբահանման իրավունքը վերցնելու որոշման պատճառով: Այս մասին հայտնում է Colombia Reports-ը:
Կոլումբիայի գլխավոր տեսուչ Ալեխանդրո Օրդոնեցի որոշման համաձայն՝ Պետրոն չի կարողանա 15 տարի առաջադրվել Բոգոտայի քաղաքապետի պաշտոնում:
Պետրոյի հեռացման պատճառը դեռևս 2012 թվականին նրա կայացրած որոշումն էր՝ մայրաքաղաքում աղբահանման պայմանագրերը մասնավոր ընկերություններից պետական ընկերություններին փոխանցելու մասին: «Բարեփոխումների» արդյունքում 2012-ի դեկտեմբերին մի քանի օր աղբը չի հավաքվել, և Բոգոտայի փողոցներում մոտ 10 հազար տոննա թափոն էր կուտակվել: Օրդոնեցի խոսքով՝ Պետրոն իրազեկված է եղել այն մասին, որ աղբահանման պետական ծառայությունը չի կարող լիարժեք կատարել իր աշխատանքը:
Պետրոն վճռի բողոքարկման իրավունք ունի, սակայն համաձայն կոլումբիական օրենսդրության՝ ի վերջո նրա ճակատագրի մասին որոշումը կրկին գլխավոր տեսուչը պետք է ընդունի:








































