Սիդնեյի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ արագ քայլքը ավելի արդյունավետ է ազդում կյանքի տևողության վրա, քան դանդաղ զբոսանքները։ Գիտնականների հոդվածը տպագրվել է British Journal of Sports Medicine ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 1994-2008 թվականների ընթացքում Անգլիայում և Շոտլանդիայում 50225 մարդու հետազոտության արդյունքները։ Մասնակիցները հաղորդում են, թե որ տեմպն են իրենք նախընտրում ոտքով զբոսանքների ժամանակ՝ դանդաղ, միջին կամ արագ, իսկ գիտնականները ի մի են բերել ցուցանիշները՝ հաշվի առնելով տարիքը, սեռը, ընդհանուր ֆիզիկական ակտիվությունն ու մարմնի զանգվածի գործակիցը։

Պարզվել է, որ քայլելու միջին տեմպը նվազեցրել է վաղաժամ մահվան հավանականությունը 20 տոկոսով՝ համեմատած դանդաղ զբոսանքների հետ։ Նրանց մոտ, ովքեր արագ էին քայլում, հավանականությունը նվազել է 24 տոկոսով։

Զբոսանքների դրական ազդեցությունը հատկապես ընդգծված է եղել 60 տարեկանն անց մարդկանց մոտ։ Քայլելու միջին արագությունն այստեղ նվազեցնում էր սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը 46 տոկոսով, իսկ արագը՝ 53 տոկոսով։









































