Հայտնի դերասան և երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի՝ «ՆԻՎԱ» մակնիշի մեքենային բախման հետևանքով վերջինիս անվադողերից թողնված հետքի վերաբերյալ տուժող կողմը մտադիր է միջնորդել լուսանկարներով դատահետքաբանական փորձաքննություն անցկացնել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը նշել է, որ փորձագետի, քննիչի, բաժնի պետի տեղակալի կարգավիճակում շուրջ 30 տարի զբաղվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով և որպես այդպիսին, իր գնահատմամբ, երբ որ բախումը տեղի է ունեցել, «ՆԻՎԱ»-ի հետնամասի դետալները սեղմվել են գետնին, որին հաջորդել է շպրտվելը, ու այս հետքերն արդեն սկսել են առաջանալ:
«ՆԻՎԱ»-ն, փաստորեն, բախումից հետո պտտվել է ժամսլաքի ուղղությամբ, այս հետքն արդեն առաջացել է՝ շպրտման արդյունքում, բայց արդեն փաստացի «ՆԻՎԱ»-ի հետևի մասը եղել է դեֆորմացված», – ասաց տուժող կողմի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ այս հետքերի վերլուծությունը բավարար է, որպեսզի Վարդան Պետրոսյանն իր մեղքն ընդունի: Ռ.Բալոյանը հայտարարել է, որ եթե Վ.Պետրոսյանն ընդունի իր մեղքը՝ «մենք կարող ենք միջնորդությամբ հանդես չգալ»:
Արդեն տուժող կողմի միջնորդությամբ անցկացվել է «ՆԻՎԱ»-ի հայելիների հետ կապված դատահետքաբանական փորձաքննություն: Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ «ՆԻՎԱ»-ն հայելիներ չի ունեցել: Այս դիրքորոշումը տուժող կողմն անընդունելի է համարում: Փորձագետները կպարզեն, թե հայելիներ եղել են, թե՝ ոչ: Կամ եթե եղել են, դրանք վթարի հետևանքով են մեքենայից անջատվել, թե՝ ոչ:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































