Եվրամիության համագործակցության խորհրդի և Ադրբեջանի միջև 14-րդ նիստը կկայանա երկուշաբթի Բրյուսելում: Այս մասին հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստին նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, համագործակցությունը ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում «Արևելյան գործընկերության» շրջանակներում, ինչպես նաև ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնության ծրագրերը:
Նիստին Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարելու է արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդ Գուլիևը, իսկ ԵՄ-ը ներկայացնելու է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Լիտվայի ներկայացուցիչը:







































