Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվել էր յուրատեսակ միջոցառում: Նախարարության մշակույթի կենտրոնը ցերեկույթ էր կազմակերպել աշխատակիցների երեխաների համար, որի մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի կատարումներով: Նախարարության տարածքը զարդարված էր փուչիկներով ու մշակույթի կենտրոնի սաների գեղանկարներով:
Երեխաներին շնորհավորեց և մաղթանքներ հղեց ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հետևեց խաղերին ու ներկայացումներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փոքրիկ հյուրերին ողջունելու էին եկել հեքիաթների ու սիրված մուլտֆիլմերի հերոսները, իսկ «Միլեն» շոու բալետի պարային և «Փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի կատարումները տոնական միջոցառման մասնակիցներին պարգևեցին բարձր տրամադրություն։
Ծաղրածուներն ու խաղավարները երեխաների համար կազմակերպեցին կավճանկարչության դասեր, խաղեր, ինչպես նաև՝ տպավորիչ օճառե պղպջակների և թռչող քաղցր բամբակի շոուները:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները նույնպես եկել էին շնորհավորելու: Նրանք «Աղետիկ» փոքրիկ բեմականացմամբ երեխաներին ներկայացրին «911» ծառայության ու աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը:








































