«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան Սոս Ջանիբեկյանը, ով միացել է «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությանը:
– Սոս, ինչո՞ւ հենց այս ակցիային որոշեցիք միանալ: Հայաստանում մի շարք այլ ակցիաներ են տեղի ունեցել և շարունակում են տեղի ունենալ: Նախորդ նախաձեռնություններին Ձեզ շատ չենք տեսել:
– Առհասարակ, փորձում եմ տարբեր նախաձեռնությունների մասնակցել, օրինակ՝ 100 դրամի ակցիային նույնպես մասնակցել եմ: Իրականում ես շատ ակտիվ չեմ մասնակցում ակցիաներին միայն ժամանակի պատճառով, քանի որ ունեմ նկարահանումներ քաղաքից դուրս, ինչպես նաև արտերկրում: Ես միացել եմ լուսանկարներով, ինչպես նաև նախաձեռնության ֆեյսբուքյան էջով: Ինչ վերաբերում է «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությանը, միացա, բայց նախևառաջ պետք է ասեմ, որ ոչ թե դեմ եմ այդ օրինագծին, քանի որ այն շատ քաղաքակիրթ և զարգացման երկրների անհրաժեշտ բաղադրիչն է, այնտեղ կիրառվում է կեսաթոշակային պարտադիր տարբերակը, և այդ քաղաքակրթությունը միանշանակ գրավում է, բայց ոչ այն պայմաններում, երբ շատ ցածր աշխատավարձ է ստանում ժողովուրդը, երբ ամբողջ աշխատավարձը հազիվ բավարարում է ուտելուն, հասարակական տրանսպորտի ծախսերին և կոմունալներին, և մարդիկ արդեն աշխատավարձը տնտեսում են, որ այդ ամենը անեն, ու հիմա պետք է իրեն զրկի ինչ-որ բաներից ու ապրի էլ ավելի վատ, քան ապրում է, որ 60 տարեկանում իրեն միլիոններ տան: Այսինքն՝ ես այս մտքին կողմ եմ, բայց դեմ եմ պարտադիր երևույթին: Իրականում հասկանում եմ, որ եթե պարտադիր չլինի, երևի ոչ ոք չի գնա, դրա համար պարտադիր է, բայց պետք է նախ սկսել աշխատավարձերի բարձրացումից, ժողովրդին բարեկեցիկ կյանք ապահովել և հետո նոր աշխատավարձերից պահում կատարել: Այսինքն՝ զարգացած և քաղաքակիրթ օրենքներ ստեղծելուց առաջ պետք է ապահովել հասարակ քաղաքացու զարգացած ու քաղաքակիրթ ապրելակերպի պայմանները:
– Ի՞նչ եք կարծում` պետք է հատվածայի՞ն խնդիրների վրա շեշտադրում անել, թե՞ ավելի ընդհանուր, ասենք՝ երկրում համակարգային փոփոխության համար պայքարել:
– Ես ավելի համակարգային եմ մտածում, այսինքն՝ այս երևույթը իբրև լոկալ երևույթ, ինձ շատ է դուր գալիս, որովհետև շատ քաղաքակիրթ, զարգացած ու առաջադեմ երևույթ է, և առաջխաղացման համար շատ լավ կլինի, բայց կան ավելի կարևոր հարցեր: Եվ պետք է հաշվի առնել, որ միջին աշխատավարձով ապրող ընտանիքում, որտեղ ամեն 100 դրամը հաշվարկված է, թե ինչպես պետք է ծախսել, որ գոյատևեն, եթե սկսում են տոկոսներ պահել, որ 70 տարեկանում միլիոններ բերեն տան, անհնար է:
– Եթե հունվարից նորից հասարակական տրանսպորտի գինը բարձրանա, կշարունակե՞ք պայքարել:
– Միանշանակ, բայց, ցավոք, հունվարին 3-4 ամսով մեկնում եմ, այսինքն՝ իմ պայքարը կլինի որպես անուն:
– Կարծում եք, որ եթե շոու-բիզնեսի ներկայացուցիչները, հանրային դեմքերը ավելի շատ միանան նաև այս նախաձեռնությանը, հաղթանակն անխուսափելի՞ կլինի:
– Կարծում եմ՝ այո: Ես շատ օբյեկտիվ եմ դիտարկում ցանկացած երևույթ: Եթե սուբյեկտիվ դիտարկենք, ինձ համար խնդիր չէր ստեղծում 100-200 դրամ ուղեվարձը, քանի որ ես երթևեկում եմ տաքսիով կամ մեքենայով, ես ստանում եմ բարձր աշխատավարձ, ես ունեմ բարեկեցիկ կյանք, բայց չի կարելի, եթե քեզ լավ է, բայց մի ամբողջ ժողովուրդ տանջվում է, դու աչք փակես դրա վրա: Ես իմ կարողությունների չափով կաջակցեմ նախաձեռնությանը, բայց անկեղծ լինեմ, հնարավոր է ֆանատիկորեն չգնամ մինչև վերջ, որովհետև չունեմ այդ ժամանակը, քանի որ շատ զբաղված եմ:
– Կարծում եք՝ մեզ նման երկրում հեղափոխություններո՞վ պետք է իրավիճակ փոփոխվի, թե՞ իշխանություններին պետք է պարտադրել հասնել փոփոխության:
– Եթե ճիշտն ասեմ, ես քաղաքականությունից ոչ մի բան չեմ հասկանում ու առհասարակ կապ չունեմ քաղաքականության հետ, ես իմ արվեստով եմ ապրում և դրանով եմ փորձում ինչ-որ բան փոխել: Անձամբ ես արտահայտում եմ քաղաքացիական դիրքորոշում այն երևույթներին, որոնց միանում եմ, և միանում եմ ժողովրդին: Այն նախաձեռնություններին, որոնց միանում եմ, գրեթե ինձ հետ չեն առնչվում: Պարզապես ես չեմ կարող նայել՝ եթե ինձ հետ ամեն ինչ լավ է, ուրեմն ամեն ինչ լավ է, դա էգոիստական մոտեցում կլինի: Եվ ես մեծ հույս ունեմ, որ այս ակցիան հաջողություն կունենա, թեև մեր երկրում, իհարկե, անկանխատեսելի է ամեն ինչ:









































