Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուղղակի իրավունք չուներ ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը և նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները: Փաստորեն, ՀՖՖ-ն՝ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, առանց հիմքերի 12 միավորից զրկել էր «Շիրակ»-ին՝ չեմպիոն սարքելով «Ալաշկերտ»-ին: Վերջինս տխրահռչակ կառույցի կողմից արդեն իսկ ստացել է չեմպիոնական ոսկե մեդալներն ու գավաթը: «Ալաշկերտ»-ը մեծ ցնծությամբ տոնեց Ռուբեն Հայրապետյանի չեմպիոնական նվերը՝ խաչ քաշելով ակումբի բարի համբավի վրա:
Ֆուտբոլասերներին, սակայն, կարևոր մի հարց է հուզում՝ ի՞նչ կլինի վաղը: Արդյոք Ռուբեն Հայրապետյանի գլխավորած կառույցը, թքելով դատարանի որոշման վրա, հասա՞վ իր նպատակին: Հիշեցնենք, որ դատարանի որոշումից հետո Հայրապետյանի ՀՖՖ-ն հանդես էր երեկ հետևյալ հայտարարությամբ. ««Շիրակ» ՖԱ ներկայացուցիչները ՀՖՖ-ին առձեռն հանձնել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի՝ հայցի ապահովման կարգով (այսինքն՝ ժամանակավորապես, մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ» ՖԱ միավորները: Սակայն մինչև ՀՖՖ-ին դատարանի որոշման մասին տեղեկացնելը՝ «Շիրակ» ՖԱ միավորներն արդեն իսկ նվազեցվել էին, ուստի դատարանի որոշման պահանջը կատարելն իրավաբանորեն արդեն անհնար էր և ժամանակավրեպ: Ավելին, դա ուղղակիորեն կխախտեր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակիցներ «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» և «Բանանց» ֆուտբոլային ակումբների իրավունքները, քանի որ որոշման կատարման արդյունքում այդ թիմերն արդարացիորեն բարելավել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում»:
Ինչ է նշանակում՝ դատարանի որոշումը ժամանակավրեպ է, և չեմ պատրաստվում 12 միավորը վերականգնել: Կայացված որոշումն արդեն իսկ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստենք բոլորս: Եվ ահա ԴԱՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ հարկադիր կատարման կառույցը պատրաստվում է ստիպել ՀՖՖ-ին և Ռուբեն Հայրապետյանին կատարելու դատարանի պահանջը: Ավելի ստույգ՝ ԴԱՀԿ-ն ուղղակի պետք է կալանքի տակ դնի Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ-ի ֆինանսական՝ բանկային հաշիվները: Այսինքն՝ առաջիկայում մեր երկրի ֆուտբոլային կառույցն ուղղակի պարալիզացվելու է, որի պատասխանատուն, բնականաբար, Հայրապետյանն է: Սույն անձը ոչ մի կերպ չի կարողանում ընկալել, որ բեսպրեդելի ժամանակներն արդեն անցել են, և հասունացել է օրենքի առաջ պատասխան տալու պահը:
Հանուն ինչի է ՀՖՖ նախագահը խաթարում և գետնով տալիս հայկական ֆուտբոլի կառավարման՝ առանց այն էլ խաթարված և խեղաթյուրված համակարգը: ՀՖՖ-ի պարալիզացվելու պարագայում Հայրապետյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական ֆուտբոլն ուղղակի խայտառակ կլինեն ողջ աշխարհի առաջ: Ողջ աշխարհը կտեղեկանա, որ ՀՖՖ-ն պատկանում է մեկ անձի, որը ուղղակի չի հարգում իր երկրի օրենքներն ու առաջնորդվում է ամենաթողության սկզբունքով: Բոլորն էլ տեղյակ են, որ Հայրապետյանը, մեղմ ասած, չի համակրում «Շիրակ»-ին: Բայց թիմին չսիրելով՝ չէր կարելի նման ապտակ հասցնել հայկական ֆուտբոլին:
«Բացի «Շիրակի» ակումբի նախագահից, մյուս բոլոր ակումբների ղեկավարները քաղաքական նկատառումներով չեն ֆուտբոլային ակումբ պահում: Թող ուշադրություն դարձնեն, թե ինչի համար է այդ մարդն աղմուկ բարձրացրել: «Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք, ի՞նչ է, մենք պետք է ընթացք չտայի՞նք: Ինչո՞ւ պետք է դիմեինք իրավապահ մարմիններին: Եթե նրանք ցանկություն ունեն, թող քննեն, և եթե հայտնաբերեն հանցագործության տարրեր, դա իրենց գործն է: Ֆեդերացիան ոստիկանության կամ իրավապահ մարմինների հետ համագործակցող կառույց չէ: ՀՖՖ կարգապահական կոմիտեն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել: Շատ կուզեի, որ այդ մեղադրանքներ հնչեցնողները, պատվերով հոդվածներ գրողները շանտաժի չենթարկվեն: Եթե, օրինակ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուն կամ խաղացողը հակաֆուտբոլային քայլ է կատարում, ո՞վ է տուգանվում: Բնականաբար, ակումբը, ուստի այլ հարցերն անիմաստ են»,- նման հայտարարություն էր արել ՀՖՖ նախագահը մայիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Պատժի մասին աղաղակող ՀՖՖ նախագահը, իր կառույցով հանդերձ, կանգնած է պատժի ենթարկվելուն ընդառաջ: Այդ պատիժը, որը կիրառվելու է ԴԱՀԿ-ի կողմից, ծանր հարված է լինելու ոչ միայն ՀՖՖ-ի համար: Խայտառակվելը պատվաբեր չէ և ամոթալի երևույթ է, չնայած ֆուտբոլի ֆեդերացիայում խայտառակ լինելը սովորական դարձած երևույթ է:
Այնուամենայնիվ, Ռուբեն Հայրապետյանն ունի բացառիկ հնարավորություն խայտառակությունից խուսափելու և ի վերջո ադեկվատ որոշում կայացնելու համար, այն է՝ կատարել Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը և վերադարձնել «Շիրակ»-ից խլված 12 միավորները: Եվ որ ամենակարևորն է՝ հեռանալ ՀՖՖ նախագահի նախագահի աթոռից: Այն, որ Հայրապետյանը հեռանալու է, պարզից էլ պարզ է: Հայկական ֆուտբոլը ազատագրելը ժամանակի հարց է: Մնում է միայն, որ մեր ֆուտբոլը հնարավորին չափ շուտ ուղղի ողնաշարը:








































