Հայաստանն ապրում է նոր իրողությունում, ձևավորված է նոր մթնոլորտ, ինչը նպաստելու է զարգացմանն ու առաջընթացին: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության անկախության առթիվ: Այս օրը խորհրդանշական է այն առումով, որ մենք շարունակում ենք մեր պատմությունը, և մայիսյան տոներին այսօր ևս մեկ տոն ու զարթոնք ավելացավ: Մենք կարողացանք ապացուցել, որ մեր հայ ժողովուրդն ամբողջ պատմության ընթացքում պայքարով է ապահովել իր զարգացումն ու առաջընթացը: Մենք այսօր այլ երկրում ենք ապրում, այլ մթնոլորտ է ստեղծված և միանշանակ նպաստելու է քաղաքական ուժերին՝ ողջ ժողովրդին մեր զարգացումն ապահովելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:











































