Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ անցկացրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները. Վիլնյուսից հետո» թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:
Քննարկմանը ներկա էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը, ով հիշեցրեց, որ Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված հայտարարության տեքստում նշվում էր, որ պետք է վերանայվի եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը, այսինքն՝ action-plan-ը:
«Գործընթացները լինելու են շարունակական: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հանձնակատար Ֆյուլեն և այլ բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաներ ասել են, որ ՀՀ ժողովրդից ԵՄ-ն չի հրաժարվում, նրա հետ համագործակցությունից ԵՄ-ն չի հրաժարվում: 2004թ. մեծ ընդլայնումից հետո երկու ընդլայնում է եղել, մեկը՝ Ռումինիայի, Բուլղարիայի, մյուսը՝ Խորվաթիայի միացումը:
ԵՄ-ն ներկայիս ԱլԳ երկրները դիտարկում է որպես նոր Արևելյան Եվրոպա, այսինքն՝ մենք և այլ ԱլԳ երկրները բաղկացուցիչն ենք Եվրոպայի, ուստի պատահական չէ, որ Լեհաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարների վերջին հոդվածը կոչվում էր «Ամբողջացնելով Եվրոպան», այսինքն՝ այդ գաղափարից հրաժարում չկա, գործողությունների ծրագիրը վերանայվելու է, և ԱլԳ երկրները կազմում են Եվրոպայի բաղկացուցիչ մասը»,- ասաց դեսպանատան ներկայացուցիչը:









































