Հյուսիսային Կորեան շարունակում է աշխատանքները Յոնբյոնի միջուկային օբյեկտում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով արբանյակից արված վերջին լուսանկարներն ուսումնասիրած ամերիկացի գիտնականների զեկույցին:
Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի զեկույցում ասվում է, որ գործարանը ենթադրաբար արտադրում է ցածր հարստացված ուրանային վառելիք՝ թեթևջրային ռեակտորի կամ մինչև զենքի մակարդակի հետագա հարստացման համար:
Ապրիլին Հյուսիսային Կորեան մտադրություն էր հայտնել ռեակտորը վերագործարկելու մասին: Այն կարող է տարեկան արտադրել մոտ 6 կգ պլուտոնիում, որը կիրառվում է միջուկային լիցքերում: Վերլուծաբանները կարծում են, որ Հյուսիսային Կորեան արդեն ունի 4-10 միավոր միջուկային զենք: Դրա համար պլուտոնիումն արտադրվել է Յոնբյոնի ռեակտորում մինչև 2007 թվականը:
Ռեակտորը փակվել էր 2007-ի հուլիսին՝ «Օգնության դիմաց զինաթափում» համաձայնագրի շրջանակում:









































