Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մի քանի անգամ հայտնել է ԱՄՆ նախագահ դառնալու իր ցանկության մասին: Այս մասին հաղորդել է Daily Mail պարբերականը:
Նախկին դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը թերթին հաղորդել է, որ «Մեգանը պարզ հասկացրել է, որ մի օր ուզում է նախագահ դառնալ»: 2015 թվականին լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում դքսուհին խոստովանել է, որ մանկության տարիներին «երազել է նախագահ կամ հեռուստահաղորդավար դառնալ»:

Արքայազն Հարիի կինը պատրաստվում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ընդունել, սակայն չի ցանկանում հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից: Նա մտերիմ է նախկին նախագահ Բարակ Օբամայի և նրա կնոջ՝ Միշելի հետ, ինչպես նաև բազմիցս արտահայտվել է Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության վերաբերյալ: Մարքլը նրա գործողությունները «կնատյաց» է անվանել:
Պարբերականի հարցերին պատասխանած թագավորական պատմաբանը նշել է, որ կասկածում է, թե Մեգանի հավակնությունները իրականանալի են, քանի որ «քաղաքականության մեջ թագավորական ընտանիքի անդամների մասնակցության համար խիստ սահմանափակում գոյություն ունի»:
Դքսուհու պաշտոնական ներկայացուցիչը նույնպես հերքել է լրագրողների ենթադրությունները:











































